«Free car»-ը հայավարի գործառույթ է, գաղափար չեմ տեսնում. Գալուստ Սահակյան
ՀասարակությունLurer.com-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
-Պարո՛ն Սահակյան, արդեն չորրորդ օրն է՝ մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված տրանսպորտի թանկացման հետ: Ակցիաներին միացել են նաև հանրությանը հայտնի մարդիկ: Ձեր կարծիքով՝ ակցիաները ի՞նչ օգուտ կտան, գնային փոփոխություն հնարավո՞ր է:
-Ես կարծում եմ՝ տրամաբանորեն հնարավոր չէ, քանի որ պնդումներ կան, որ հաշվարկները ճիշտ են կատարվել:
-Իսկ ի՞նչ եք կարծում, պարո՛ն Սահակյան, այսօր հասարակությունը չբարձացված աշխատավարձի պայմաններում ի վիճակի՞ է 150 դրամ ուղեվարձով երթևեկել:
-Այսինքն՝ խնդիրը հետևյալի մասին է, որ երթևեկությունը դադարեցվի՞ ամբողջ Հայաստանում կամ Երևանում:
-Ո՛չ, պարո՛ն Սահակյան, պարզապես այն հասարակության համար ավելի մատչելի լինի, քանի որ, ինչպես տեսնում եք, հասարակությունը պարզապես ի վիճակի չէ վճարել:
-Հասարակությունն ի վիճակի չէ վճարել շատ ապրանքների համար: Ամեն մեկն իր գինն ունի։ Պարզապես այսպես պետք է մտածել, այսինքն՝ ի՞նչ անենք, դադարեցվի՞ երթևեկությունն ընդհանրապես:
Տրանսպորտը տնտեսության մասն է կազմում, և, ինչպես մյուս բիզնեսները, սա էլ է բիզնես: Սրա գնահատողները կան:
Շատ լավ կլինի, որ ամեն բան ձրի լինի։ Ցանկությունների սահմանը շատ բարձր կարող է լինել, բայց հնարավորությունները՝ ցածր:
-Խոսակցություններ կան այն մասին, որ վարորդները օգուտ չունեն գնային բարձրացումից, քանի որ գումարները ամբողջությամբ գնում են գծատերերին:
-Այսինքն՝ Դուք մտածում եք, որ Հայաստանում որևէ մեկը առանց աշխատավարձի կարո՞ղ է աշխատել. հանուն ինչի՞:
-Ո՛չ, իրենք աշխատում են, բայց, համենայն դեպս, թանկացումից օգուտ չունեն. իրենք կրկին ստանում են այն աշխատավարձը, որը ստանում էին 100 դրամ ուղեվարձի ժամանակ:
-Բա իհարկե, պիտի այդպես էլ լիներ, բարձրացումը կախված է ծառայությունից և ոչ թե վարորդի աշխատավարձից: Իսկ դա նշանակում է նոր մեքենաների գնում, դա նշանակում է քսայուղեր, պահեստամասեր... այս ամենի գները ժամանակի ընթացքում բարձրացել են:
Բնական է, որ վարորդների աշխատավարձը չպետք է բարձրանար: Եվ հետո, այնպես չէ, որ վարորդները Հայաստանում նորմալ աշխատավարձից քիչ են ստանում, առավել ևս՝ նրանք մի քիչ էլ ավելին են ստանում:
Իսկ բարձրացումը կապված է սպասարկման հետ: Երեկ խոսվում էր, որ քաղաքապետը երեք ամիս առաջ հայտարարել է, թե թանկացում չի լինի։ Այո՛, չի՛ լինի գազի հետ կապված թանկացում, այսինքն՝ եթե թանկացումը կապենք գազի գնի հետ, ուրեմն կարելի էր քիչ թանկացնել կամ յոլա գնալ, բայց գազի հետ չի կապված:
Թանկանում է ամեն ինչ։ Այդ իսկ պատճառով թանկացել է նաև սպասարկումը: Դրա համար ոչ թե պիտի պայքարը գնա թանկացումների դեմ, ու այսպես կեղծ ժողովրդավարությամբ պնդեն՝ ժողովրդի վիճակն ինչպիսին է, հարձակվեն մեքենաների վրա, այլ պիտի պայքարեն, որպեսզի աշխատավարձները բարձրացնեն: Այսինքն՝ ժողովրդավարությունն ու խուլիգանությունը պիտի իրարից տարբերեն:
Ոչ թե սակագինը կամ ուղեվարձն է բարձր, այլ աշխատավարձներն են ցածր։ Դրա համար էլ բողոքում են: Ես այդ բողոքը գնահատելի եմ համարում:
-Այսինքն՝ բնակչությունը պետք է բողոքի աշխատավարձերի բարձրացմա՞ն համար:
-Այո՛, իհա՛րկե:
-Իսկ Ձեր կարծիքով՝ այդ դեպքում մարդկանց բողոքի ձայնը լսելի՞ կլինի։ Եթե բողոքեն, աշխատավարձները կբարձրանա՞ն:
-Աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բյուջեի քննարկումներն են: Այդ խնդիրները լուծելի կլինեն:
-Իսկ մինչ ա՞յդ։ Ի՞նչ անել։ Համակերպվե՞լ:
-Ոչնչի հետ պետք չէ համակերպվել: Պետք է հասարակությունը հասկանա, որ ինքը եվրոպական երկրում չի ապրում, ինքը շրջափակման մեջ գտնվող երկրում է ապրում, և այդ բացասական երևույթներն իրենց պատճառներն ունեն: Եթե ուզում ես նոր հայրենիք ունենալ, պիտի մինչև վերջ պայքարես հայրենիքիդ համար: Եթե սկսում ես թուլացնել պայքարը, սկսում ես աղճատել ընդհանուր գործառույթները:
-Ինչպե՞ս եք վերաբերում «Free car» (անձնական ավտոմեքենաներով ուղևորափոխադրում) ակցիաներին:
-Յուրաքանչյուր մեքենայի տերը թող հաշվարկի, թե 60-70 կմ Երևանում քշելով՝ ինքն ինչքան գումար է ծախսում սարքավորումների, քսայուղերի համար:
Իսկ ընդհանուր առմամբ՝ սա հայավարի գործառույթ է, որի մեջ գաղափար չեմ տեսնում. պարզապես մթնոլորտ են ստեղծում: Համենայն դեպս, դա հարցի լուծում չէ:
Գայանե Համբարձումյան