Այսօր «Ոսկե ցլիկ», «Շրթներկ N 4», «Հարսնացու հյուսիսից» և այլ ֆիլմերի սցենարիստ Ժորա Հարությունյանի ծննդյան օրն է (տեսանյութեր)
Գիտություն և Մշակույթ
Դրամատուրգ Ժորա (Գևորգ) Հարությունյան ծնվել է 1928 թ. սեպտեմբերի 7-ին, Երևանում:
Ավարտել է ԵԲԻ (1962): 1969-95-ին՝ ՀԳՄ գրականության ֆոնդի տնօրեն։ Առաջին պիեսը «Սրտի արատ» կատակերգությունն է (բեմադրում` Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 1957, ռեժիսոր Վ. Աճեմյան): Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկում տեղ են գտել նրա «Հիվանդ N 199» (1960), «Ղազարը գնում է պատերազմ» (1968), «Հարսնացու հյուսիսից» (1973), «Խաչմերուկ» (1978, ՀՀ պետական մրցանակ 1979, բեմադրվել է նաև Հունգարիայում, 1980), «Քո վերջին հանգրվանը» (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոն, ՀԳՄ Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակ 1983), «Բախտավոր մարդիկ» (1987), «Մեր այս տարիքում» (1991) և այլ կատակերգություններ, որոնց մի մասը բեմադրվել է Արցախում և արտասահմանում։ Հարությունյանի պիեսներին բնորոշ են կյանքի հրատապ խնդիրների արծարծումը, կատակերգական ցայտուն իրավիճակները։ Նա վեր է հանում ժամանակակից իրականության սոցիալական և մարդկային հարաբերությունների ստվերոտ կողմերը` դրանց հակադրելով ազգային բարոյականության ավանդներն ու հոգևոր կայուն արժեքները։ Հարությունյանի սցենարներով Հայֆիլմ և հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիաներում նկարահանվել են մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ գեղարվեստական կինոնկարներ, այդ թվում՝ «Ոսկե ցլիկ» (համահեղինակ, 1953), «Ձախորդ Փանոսը» (1970), «Շրթներկ N 4» (1967), «Հուշարձան» (1973), «Հարսնացու հյուսիսից» (1974), «Խոշոր շահում» (1982), «Հրդեհ» (1984), «Խաչմերուկի դեղատունը» (1988) և այլն:
«Շրթներկ N 4» - սցենարի հեղինակ` Ժորա Հարությունյան
«Ոսկե ցլիկը» սցենարը` Ռ. Երիցյանի, Ժորա Հարությունյանի
