Կոստանյանը պաշտոնին հրաժեշտ տալիս չի պատրաստվում «ինչ-որ բան համբուրել»
ՔաղաքականԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովում էր գտնվում ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը:
Նախատեսված էր նրա հանդիպումը ԱԺ 4 խմբակցությունների հետ` ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ:
Խմբակցությունների հետ հանդիպումից հետո Գևորգ Կոստանյանը հանդիպում ունեցավ նաև լրագրողների հետ:
Ես կարծում եմ` խմբակցությունների հետ հանդիպման արդյունքը բոլորս կտեսնենք քվեարկության ընթացքում: Կարող եմ միայն փաստել, որ մենք` բոլորս` բոլոր տեղական ուժերը, միավորվել են և միավորված են եղել այն հարցի շուրջ, որ երկրում օրինականության և արդարության երաշխավորման և առաջընթացի ապահովան անհրաժեշտություն կա: Դրա հետ կապված, եթե իհարկե, քվեարկության արդյունքներով ես նշանակվեմ, պատրաստակամություն հայտնեցի և փորձեցի համակարգային ներկայացնել այն հնարավոր ուղղությունները և գործելակերպը, որը կնպաստի այդ նպատակի իրականացմանը», -ասաց Կոստանյանը:
Ի պատասխան լրագրողների հարցին, թե ընտրվելուց հետո իր առաջին քայլը որն է լինելու, պատասխանեց, որ ինքը պարտավոր է իրականացնել օրենքով և սահմանադրությամբ այդ համակարգի վրա դրված պարտականությունները:
Կոստանյանին հարցրեցին նաև` դատախազական համակարգում հիմնական թերությունը որն է: Նա պատասխանեց.
«Ես չեմ ուզում խոսել թերություններից, որովհետև ես ավելի նպատակահարմար եմ գտնում խոսել ապագայի մասին. ամենակարևոր ուղղությունն այն է, որ դատախազական համակարգի գործունեությունը իր ազդեցությունը կունենա ամբողջ արդարադատության համակարգի վրա: Դատախազական գործունեության արդյունավետության բարձրացման պարագայում մենք կունենանք և′ նախաքննության, հետաքննության օրինականության, և′, հետևաբար, մեղադրանքի պաշտպանության երաշխավորում, որն էլ իր հերթին կազդի դատարանների կողմից արդարադատության իրականացման ամբողջ գործընթացի վրա:
Թե ով իր պաշտոնը կփոխարինի, Կոստանյանը չգիտի և կարծում է, որ դա ժամանակը ցույց կտա: Իսկ ինչ վերաբերում է` ինչպես պաշտոնին հրաժեշտ կտա, Կոստանյանն ասաց.
«Համենայն դեպս, չեմ պատրաստվում ինչ-որ բան համբուրել»:
Խոսելով Աղվան Հովսեփյանի հետ հարաբերությունների մասին` նշեց, որ իրենց մեջ որևէ լարվածություն չկա և նրա հանդեպ մեծ հարգանք ունի: