Շանթ Հարությունյանը «միայնակ գայլի» պայքարի կողմնակից է. Արմեն Մարտիրոսյանը` Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի մասին
Քաղաքական«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպերը «տարիներ շարունակ ժողովրդի վստահությունը չվայելած իշխանության մնալու հետևանքն էր»:
«Ես կարծում եմ, որ այդ ամենը նրա արդյունքն է, որ տարիներ շարունակ իշխանությունները, ըստ էության, չվայելելով ժողովրդի վստահությունը` փորձեցին ամեն կերպ պահպանել իշխանությունը, օգտագործելով պետական ռեսուրսները` գերշահույթներ ստանալ: Այդ խնդիրները, տարիներ շարունակ լուծում չստանալով, աստիճանաբար ստանում են առավել արմատական դիրքորոշում արտահայտելու ձևեր և այդ արմատական դիրքորոշման դրսևորման օրերից մեկն էր երեկ»,-Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացված է համարում Շանթ Հարությունյանի և իր կողմնակիցների կողմից արված քայլերը, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ընդհանրապես, մարդու իրավունքների ընդհանուր հռչակագրում ասված է, որ իշխանությունները պետք է այնպիսի քաղաքականություն վարեն, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն ապստամբության դիմելու: Ես կարծում եմ` երեկ այդ ապստամբության դրսևորումներից մեկն էր, ուղղակի շատ ավելի, բարեբախտաբար, թեթև շրջանակում, ուստի` արդարացնելու կամ չարդարացնելու խնդիր, այնուամենայնիվ, այս պահին ես չեմ տեսնում, և խնդիրը ոչ թե արդարացման կամ դրա բացակայության մեջ եմ տեսնում, այլ նրանում, որ այն խնդիրները, որ այս տարիների ընթացքում եղել են, չեն լուծվել, և ստիպված մեր քաղաքացիները դիմում են նմանատիպ միջոցների»:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության` պայքարին հնարավոր միանալուն Շանթ Հարությունյանի հեղափոխությանը` կուսակցության փոխնախագահն ասաց, որ Շանթ Հարությունյանն ինքը հայտարարել է, որ կուսակցութունների չի ցանկանում տեսնել այս պայքարում:
«Ինքը սահմանափակել է և «միայնակ գայլի» պայքարի կողմնակից է, ուստի` ինձ համար մի փոքր դժվար է այդ առումով պատասխանելը, որովհետև նրա ցանկությունն, այնուամենայնիվ, առկա է»,-ասաց Մարտիրոսյանը: