«Եթե իմ նախագծած շենքերը լավ ստացվեն, հենց դրանով էլ ինձ կհիշեք». Ալեքսանդր Թամանյան
Գիտություն և Մշակույթ
Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ալեքսանդր Թամանյան. Հոդվածներ, փաստաթղթեր, ժամանակակիցները նրա մասին» ժողովածուից Գևորգ Մուշեղյանի «Ինչքան հեռանում, այնքան մեծանում է …» դիմանկար-հոդվածից մի փոքրիկ հատված:
Թամանյանի արվեստանոցը դեպի իրեն էր ձգում հայ ճարտարապետներին, որոնց նա մանրամասն ծանոթացնում էր իր նախագծերի հետ և զրուցում ճարտարապետության հարցերի մասին: Նրա արվեստանոցը միշտ այցելում էին ինչպես Միության տարբեր քաղաքներից, այնպես էլ արտասահմանից Երևան ժամանած հյուրերը:
Շատ էին գալիս նաև մեր քաղաքի աշխատավորները, որոնք հետաքրքրվում էին Երևանի վերակառուցման ու բարեկարգման ծրագրերով, Թամանյանի կազմած մեծ ու վեհաշուք շենքերի նախագծերով: Թամանյանը խտություն չէր դնում իր արվեստանոցը այցելողների մեջ: Մայրաքաղաքի մակետի վրա նա ամենայն սիրով բոլորին պատմում էր Երևանի պայծառ ապագայի մասին:
Հիշում եմ, մի քաղաքացի. լսելով Թամանյանի բացատրությունները և զգալով, թե իր առաջ ինչպիսի մեծություն է կանգնած, երկչոտությամբ հարց տվեց` թե քաղաքի որ տեղում պետք է կանգնեցվի իրեն` Թամանյանի արձանը: Միամիտ ու անսպասելի հարցին ճարտարապետը պատասխանեց. «Եթե իմ նախագծած շենքերը լավ ստացվեն, հենց դրանով էլ ինձ կհիշեք …»:
Նյութը ` Ք. Ա-ի
