ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ. Արսեն Բաբայան
Իրավունք«ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանն անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ կուտակային վճարները չկատարելու պատճառով Դատական դեպարտամենտի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի բոլոր հաշիվները սառեցվել են:
Արսեն Բաբայանի խոսքով՝ բոլոր վճարումներն, այդ թվում' աշխատավարձերը, փոխանցվել են և կփոխանցվեն ժամանակին:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթի տեղեկություններով` կուտակային վճարները չկատարելու պատճառով պատժամիջոցների մեկնարկն արդեն տրված է, ինչպես սպառնացել էր Ֆինանսների նախարարը՝ ասելով, թե կուտակայինները չփոխանցելու դեպքում գործատուները կարող են կրկնակի պատասխանատվության ենթարկվել:
Ըստ թերթի՝ պատժամիջոցներ են կիրառվել ՀՀ դատական դեպարտամենտի նկատմամբ: Մասնավորապես, կուտակային վճարները չկատարելու պատճառով դեպարտամենտի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի բոլոր հաշիվները սառեցվել են:
Ըստ տեղեկությունների՝ հաշիվները կսկսեն գործել միայն երբ միանգամից փոխանցվեն երկու ամսվա վճարները: