Մարտի 1-ը մեզ համար պետք է դաս լինի. Մանվել Գրիգորյան
ԱՐԽԻՎԼուրեր.com-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը.
- Պարո’ն Գրիգորյան, լսել ենք, որ Երկրապահը մարտի 1-ին գարնան բացումն է նշելու: Ի՞նչ միջոցառում է դա:
- Գարնան բացումը նշել է մարդկությունը շատ վաղ ժամանակներից, մեր ազգը մշտապես տոնել է գարնան բացումը: Գարնան բացումը միշտ նշում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Մենք ևս, ինչպես և Սպարապետն էր անում, շատ համեստ կերպով նշում ենք գարնանամուտը' խաշած ձվով, թարխունով, լավաշով, բանջարով: ԵԿՄ անդամները, բոլոր տարածքներում, կազմակերպված ձևով կնշեն այս տոնը: Ես շնորհավորում եմ մեր ազգին գարնանամուտի, բնության զարթոնքի կապակցությամբ: Գարնան գալուստը տոն է, որովհետև դա բնության զարթոնքն է, դա կյանքի շարունակականության խորհրդանիշն է: Մարտ ամիսը տոնական է, որովհետև մարտին են ծնվել Վազգեն Սպարապետը, էլի շատ հզոր մարդիկ: Մարտ ամիսը տոնական է, որովհետև հենց մարտի 5-ին' Սպարապետի ծննդյան օրը, պատանի երկրապահները Եռաբլուրում երդում են տալիս լինել հայ ազգի օրինակելի զավակ: Իհարկե, մարտի 1-ի մասին խոսելով' մենք պարտավոր ենք հիշել նաև 2008-ի մարտի 1-ի զոհերին, պարտավոր ենք հարգել այդ անմեղ զոհերի հիշատակը: Մեկ անգամ ևս մեր ցավակցությունները զոհերի հարազատներին, ողջ հայ ժողովրդին: Մարտի 1-ը մեզ համար պետք է դաս լինի, պետք է բոլորս հասկանանք, որ Երևանը Ֆիզուլի չէ, պալիգոն չէ: Մենք նրա համար չենք պատերազմել, հաղթել, մեզ պատերազմ պարտադրած թուրքին խաղաղություն պարտադրել, որ հիմա Երևանի կենտրոնում միմյանց հոշոտենք:
- Մի խումբ ազատամարտիկներ հայտարարել են, որ մասնակցելու են իշխանափոխության կոչերով հանրահավաքին: Ո՞րն է ԵԿՄ պաշտոնական դիրքորոշումը:
- Ազատամարտիկները մի խումբ չեն լինում: Ազատամարտիկները ողջ հայ ժողովուրդն են: Ես դատապարտում եմ երկրի ներսում ուժային լուծումների գնալու, զենքի դիմելու կոչերը: Ոչ ոք նման կոչերով հանդես գալու իրավունք չունի: Չի կարելի մոռանալ սահմանին կանգնած մեր 18 տարեկան երեխաների մասին, նրանց անվտանգության մասին: Մի մոռացեք, որ թշնամին արթուն է և անընդհատ առիթի է սպասում: Ամեն օր ոսոխը դիվերսիաներ է ծրագրում: Բոլորովին վերջերս նման դիվերսիայի զոհ դարձավ մեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ով ամենաիսկական հերոս է: Ես խստորեն զգուշացնում եմ քաղաքական դերակատարներին, որ իրենց կեղտոտ խաղերի մեջ չփորձեն ներքաշել ազատամարտիկներին: իսկ ազատամարտիկներին հիշեցնում եմ: Տղանե°ր, սա մեր երկիրն է, մեր հայրենիքն է: Բոլոր թերություններով հանդերձ' սա է մերը: Երկրապահ կամավորականների միությունը բանակի հիմնադիրն է և միշտ էլ եղել է բանակի հիմնական ռեզերվը, միշտ եղել է բանակի կողքին' շարքային զինվորից մինչև պաշտպանության նախարար և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Մենք թույլ չենք տա որևէ մեկին վիրավորել մեր զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին, ով նաև մեր մարտական ընկերն է, մեզանից մեկն է: Ով այսօր փնովում է Հանրապետության նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին, նա հարվածի տակ է դնում սահմանին կանգնած զինվորին, մեր անդորրը հսկող զինվորին: Մենք այդ հարվածները մեր մաշկի վրա զգացել ենք մարտի դաշտում' 1992-94 թվականներին: Ամեն անգամ, երբ Երևանում երկպառակություններ էին սկսվում, թշնամին ակտիվանում, աշխուժանում էր: Մենք էլ ժամանակին օգտվել ենք Բաքվում տիրող երկպառակություններից: Մեր հիմնական հաջողությունները ձեռք ենք բերել հենց այն ժամանակահատվածներում, երբ Ադրբեջանում խառնակ վիճակներ են եղել: Մենք օգտվել ենք իրենց տված առիթից, բայց ինքներս էլ թշնամուն նման առիթներ չպետք է տանք: Մենք լավ տեղյակ ենք իրենց քաղաքական գործիչ համարող որոշ անձանց մութ ծրագրերից և տղաներին կոչ ենք անում' չներքաշվել թշնամական ծրագրերում: Մենք բոլորս էլ հայրենիքի զավակներն ենք, չի կարելի բաժանել և բաժանվել: Երբ բաժան-բաժան ենք եղել, հող ենք կորցրել, երբ միասնական ենք եղել, հաղթել ենք և տարածքներ ազատագրել:
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումների ժամանակ ես ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ ինքս ուզում եմ իջնել, հավասարվել մեր շարքային ընկերներին: Ամենքս էլ հավասար ենք Աստծո առաջ և հայրենիքի առաջ: Մեզ այսօր միասնություն է հարկավոր: Միասնական լինենք, մեկ բռունցք դառնանք: Հիշենք, որ հայոց պատմության մեջ բոլոր դժբախտությունների պատճառը ներքին խժդժությունն է եղել, իրար փնովելն է եղել: Մեր բոլոր հաջողություններն էլ ձեռք ենք բերել միասնականության շնորհիվ: Միասնական լինենք ազգովի' մեծով ու փոքրով, քանի որ այս երկրի վաղվա տերը այսօրվա երիտասարդներն են, ովքեր մեզանից պակաս հայրենասեր չեն: Մենք պետք է սերունդներին էլ փոխանցենք համերաշխության, միաբանության գաղափարները:
Եվս մեկ անգամ շնորհավորանքներս գարնան գալստյան կապակցությամբ և ցավակցություններս մարտի 1-ի անմեղ զոհերի հարազատներին: