Ուկրաինան կլինի Մաքսային միության անդամներից մեկը. Ռոբերտ Ահարոնյան
ՀրապարակումներՌուսաստան-Ուկրաինա ստեղծված իրավիճակի մասին Լուրեր.com-ը զրուցեց Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի հետ:
Վերջինս կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի որոշումը բավականին ուշացած է, և դեռ ավելի վաղ կոնկրետ գործողություններ պետք է կատարվեր Ուկրաինայում:
«Դեռ ավելի վաղ պետք է Ռուսաստանը գործողություններ սկսեր, որ չհասներ նրան, որ Ուկրաինայից` Ղրիմի առանձնանալու հարց առաջանար:
Եթե Ռուսաստանի նախագահը ժամանակին որոշում ընդուներ պաշտպան կանգնել Ուկրաինայի ժողովրդի մեծամասնության կարծիքին, այն է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմնակից է Մաքսային միությանը, ապա նման հարցեր չէին առաջանա»,-ասաց նա:
Ահարոնյանի խոսքով` Մայդանում հավաքված հարյուր հազար կամ մեկ միլիոն մարդ չի կարող լուծել հիսուն միլիոն ազգաբնակչության հարց. ըստ նրա` դա նույնն է, ինչ, եթե Հայաստանում երեք հարյուր ակտիվիստ հավաքվի և փորձի հեղափոխություն անել:
«Տոկոսային հարաբերակցությունը նույնն է: Այսօր հիսուն միլիոնից մոտ մեկ միլիոն մարդ է դեմ Մաքսային միությանը, բայց ժողովրդի մեծամասնությունն այսօր կողմնակից է Մաքսային միության, մյուսներն ուղղակի ֆաշիստական ձևերով փորձեցին իշխանություն վերցնել: Այս ֆոնին` Ռուսաստանը բավականին թույլ իրեն պահեց»,-ասաց Ահարոնյանը և կանխատեսեց. «Ավելի խիստ ձևով և կոնկրետ գործողություններով, մի քիչ դժվարությամբ, սակայն Ուկրաինայի ամբողջությունը կվերականգնվի, և Ուկրաինան կլինի Մաքսային միության անդամներից մեկը»: