Նաիրա Զոհրաբյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին
Քաղաքական«Հանրահավաքը, լինեմ անկեղծ, իմ կանխատեսածից շատ ավելի մարդաշատ էր, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը երկրի համար մտահոգ մարդիկ էին, ովքեր վստահաբար շարքային դիտորդ չէին»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով մարտի մեկին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին:
Զոհրաբյանի խոսքով` հանրահավաքում հնչած ելույթների շեշտադրումների զգալի մասը համահունչ էին ԲՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցրած մտահոգություններին, բարձրացրած խնդիրներին և առաջարկներին. «Այս առումով ես տեսնում եմ բոլոր մակարդակներում համագործակցության լայն դաշտ»,-ասաց Զոհրաբյանը:
Վերջինս խոսեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին, հատուկ անդրադառնալով «արկածախնդիրներին» ուղղված առաջին նախագահի խոսքերին և նշեց, որ այդ տեսակետն ունի նաև ԲՀԿ-ն:
«Այո, մեր երկրին անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ, բայց լրջագույն փոփոխությունները չպետք է լինեն ամեն ինչ կործանելու գնով»,-ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ պետք է քայլերն արվեն խիստ հաշվարկված:
«Սա ենթադրում է ծանր աշխատանք, քանզի լուրջ քաղաքական ուժերը չեն կարող ուղղորդվել միայն մերժելու, հեռացնելու կոչերով: Դրան զուգահեռ դու պետք է առաջարկես համատեղ ծրագիր, օրակարգ, ճանապարհային քարտեզ»,-ասաց պատգամավորը: