Փաստաբանի սպանության գործով քննիչ Մնացականյանի երկրորդ կեղծիքը (տեսանյութ)
ԻրավունքՓաստաբան Շարբաթյանի սպանության գործով սկզբում որպես կասկածյալ, ապա որպես վկա անցնող Էդվարդ Խլղաթյանի նախաքննական առաջին՝ 2012 թվականի նոյեմբերի 19-ի ցուցմունքի վերաբերյալ Քրեադատավարական օրենսգրքի էական, կոպիտ խախտումներ են արձանագրվել, ուստի այն ոչ թույլատրելի է, ինչին դատարանը միանշանակ կանդրադառնա գործի ապացույցները գնահատելիս: Բացի այդ, նույն ցուցմունքը, հավանական է, կեղծված է, ինչն էլ իրավապահների քննարկման առարկան պետք է դառնա: Lurer.com-ն իր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել է այդ կեղծիքը հիմնավորող փաստեր:
Նախ՝ Էդվարդ Խլղաթյանի հարցաքննությունն, ըստ արձանագրության, ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքում է կատարվել: Վկայի հայտարարությամբ՝ իրեն հարցաքննել են ոստիկանական շենքի երկրորդ հարկում, որը, սակայն քննչական բաժանմունքը չէ: Ապա՝ մեղադրողի օրինակում հարցաքննության սկիզբը նշված է ժամը 00.40-ը, պաշտպանական կողմի օրինակում՝ 01.40-ը՝ջնջումով: Գործի նյութերում նույնպես 01.40 ջնջումով տարբերակն է: Դեպքի վայրից՝ «Մուշ» ռեստորանային համալիրից, Էդվարդ Խլղաթյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 1.20-ին: Այսինքն՝ բերման ենթարկվելուց 40 րոպե առաջ վկան արդեն հարցաքննվել էր՝ ըստ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի սկզբնական վարկածի, ինչը աբսուրդ է: Հետագայում քննիչը ջնջումով ուղղել է 1 և 4 թվանշանները: Բայց նույնիսկ այս երկրորդ տարբերակով էլ, եթե բերման ենթարկելուց 20 րոպե անց է կատարվել Խլղաթյանի հարցաքննությունը, քննիչի նշած ժամերը դարձյալ անտրամաբանական են, քանի որ, ըստ արձանագրությունների, Խլղաթյանին բերման ենթարկելուց հետո մի շարք քննչական գործողություններ են կատարվել՝ անձի անձնական խուզարկություն, իրավունքների ծանուցում, դրանց վերաբերյալ համապատասխան արձանագրությունների կազմում, ինչը քննիչը չէր կարող ավարտել 20 րոպեում:
Այս չկապակցվող հանգամանքն էլ դատարանում բացահայտվեց նույն վկայի միջոցով: Է. Խլղաթյանը հայտարարեց, որ մինչև ցուցմունք տալը անձնական խուզարկության չի ենթարկվել, այդ նպատակով ընթերականեր չեն հրավիրվել, իրեն ու ընթերականերին իրավունքներ չեն բացատրվել՝ չնայած այդ մասին գործում առկա արձանագրությանը: Ստացվում է, որ նախապես դրված կեղծ ցուցմունքի՝ Խլղաթյանին բերման ենթարկելուց մինչև հարցաքննությունն ընկած 20 րոպե ժամանակահատվածը հիմնավորելու համար քննիչ Արեն Մնացականյանը երկրորդ կեղծիքին է դիմել՝ կազմելով անձի անձնական խուզարկության մասին արձանագրություն, ինչն իրականում չի կատարել: