«Որոշակի հարցերի շուրջ համախմբում, մեկ այլ հարցի շուրջ` միմյանց խիստ ընդդիմադիր»
ՔաղաքականԱրդեն տևական ժամանակ է` ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները սկսել են համագործակցել: Լուրեր.com-ը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց` արդյո՞ք ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» համագործակցությանը կարող է խանգարել կուսակցությունների աշխարհաքաղաքական դիրքորոշումները:
«Չորսից առնվազն երեքը նույնն են»,-այսպես արձագանքեց Կարեն Քոչարյանը` հավելելով, որ իրեն միշտ հետաքրքրել է` արդյո՞ք իշխանական կոալիցիոն ուժերը նույն աշխարհաքաղաքական հայացքներն ունեն:
Ըստ Կարեն Քոչարյանի` Հանրապետականը պահպանողական է, ՕԵԿ-ը` լիբերալ. «Եթե ընդհանրապես Հայաստանում իդեալոգիա մնացել է, ապա գոնե իդեալոգիայով` ՀՀԿ-ն պահպանողական է, իսկ ՕԵԿ-ը` լիբերալ:
Նույն կերպ դաշնակները սոցիալիստ են, ԲՀԿ-ն անհասկանալի է` ինչ է, «Ժառանգությունը» լիբերալ է: Այս ամենը քաղաքականության մեջ ոչ մի կապ չունի, եթե կան ընդհանուր շահեր»,-ասաց Քոչարյանը:
Վերջինս նշեց, որ որոշակի հարցերի շուրջ հնարավոր է համախմբում, իսկ մեկ այլ հարցի շուրջ կուսակցությունները կարող են լինել միմյանց խիստ ընդդիմադիր. «Դա աշխարհում ընդունված պրակտիկա է»:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ արդյունք ակնկալել չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելուց, Քոչարյանն ասաց. «Անվստահություն հայտնել կարող են փորձել, կստացվի թե չէ` այլ խնդիր է»:
Անդրադառնալով այն հարցին, որ վերջերս Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիների հետ, ի՞նչ կտան այդ հանդիպումները, Քոչարյանը նշեց.
«Այդ ուժերը Լևոն Տեր-Պետրոսյանի հետաքրքիր «պասով» փորձում են, գոնե այս շրջանում, ժամանակային այս հատվածում ինչ-որ առանցք ստեղծել, և այդ առանցքը դառնա Գագիկ Ծառուկյանը: Հետո ինչ կլինի, չեմ կարող ասել, «Поживём-увидим»»: