Մրցանակաբաշխություն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում. մրցանակները հանձնեց Կարգին Հայկոն
Գիտություն և ՄշակույթԱնցած տարվա Օգոստոսի 31-ին Պրահայի արվարձան Լիդիցե ավանում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և Լիդիցեի հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը ստորագրեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Լիդիցեի հուշահամալիրի միջև համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ցուցահանդեսների, ցուցանմուշների և հրատարակումների փոխանակում, պատմական և արխիվային նյութերի տրամադրում, փորձագետների փոխանակում:
Եվ ահա այդ համագործակցության շրջանակներում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը Երևանում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 30-ին կազմակերպեց Լիդիցեի մանկական 41-րդ ցուցահանդեսի հաղթող երեխաների մրցանակների հանձման արարողությունը:
Հաղթողների թվում էին Դիլիջանի մանկական գեղարվեստի դպրոցի 13-ամյա սանուհի Էսմա Ալիխանյանը, ով ստացել է Լիդիցեի վարդ անհատական մեդալը։ Նույն մեդալին արժանացել է նաևԴիլիջանի մանկական գեղարվեստի դպրոցը՝ Սերյոժա Արզումանյանի (12 տարեկան), Գոռ Ղազարյանի (12 տարեկան), Լիա Ղազարյանի (12 տարեկան), Միլենա Մարտիրոսյանի (13 տարեկան) և Աննա
Հովհաննիսյանի (10 տարեկան) նկարների հավաքածուի համար։ Խրախուսական պատվոգրեր են ստացել 7-ամյա Գագիկ Ալեքսանյանը,
Ներքին Գետաշենից Նոնա Հակոբյանը (11 տարեկան), Երևանից Էդիկ Մեսրոպյանը (16 տարեկան), Միքայել Աստվածատրյանը (10 տարեկան), Նարե Հարությունյանը (14 տարեկան)։
Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան բարձր գնահատեց հայ երեխաների աշխատանքը և նշեց, որ շուտով կամփոփվեն այս տարվա մրցանակաբաշխության արդյունքները, որտեղ ևս, Միկիսկայի կարծիքով, հայ երեխաները հաղթական արդյունքներ կունենան:
Մրցանակները հանձնեց հայտնի դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ով նշեց, որ իր համար հաճելի պարտականություն է մասնակցել ցանկացած միջոցառման, որտեղ խրախուսվում են մեր երեխաները: Ի դեպ, երեխաները մեծ ոգևորությամբ մրցանակներն ընդունեցին սիրված դերասանից և լուսանկարվեցին նրա հետ:
Մանրամասները՝ azatutyun.am-ի տեսանյութում: