Բոլորս երազում ենք ունենալ ամբողջական, հզոր Հայաստան. Էդուարդ Շարմազանով
Քաղաքական2008 թվականից ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը ղեկավարում է Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս երեք անգամ վերանշանակվել է այդ պաշտոնում` 2012, 2013 և 2014 թվականներին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ` Նալբանդյանն արհեստավարժ մասնագետ է: Նման կարծիք ՀՀԿ խոսնակն արտահայտեց Լուրեր.com-ի հետ զրույցում:
«Շատ պարկեշտ և հայրենասեր անձնավորություն է, և նրա կառավարման շրջանում Հայաստանի իմիջն արտաքին քաղաքականության մեջ բավականին բարձրացել է, իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դրվել է նոր մակարդակի վրա:
Այս ընթացքում Ցեղասպանության դատապարտման մասին տարբեր հարթակներում շատ ավելին է խոսվել, քան նախորդ ութ-տասը տարիների ընթացքում, և ես կարծում եմ, որ սա այն հարցը չէ, որ մենք ընդդիմություն կամ իշխանություն ճանաչենք: Մենք պետք է բոլորս միաբանվենք և պայքարենք, որովհետև ազգային խնդիրներում անբարոյականություն է, երբ մենք ճանաչում ենք ընդդիմություն և իշխանություն, մենք պետք է բոլորս միաբանվենք և ինչպես Արցախյան հարցում, այնպես էլ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ առաջնորդվենք ազգի և պետության շահի գերակայությամբ: Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և մենք բոլորս երազում ենք ունենալ ամբողջական, հզոր Հայաստան, իսկ դա առանց հայրենիքը սիրելու, առանց միմյանց սիրելու, առանց զոհերի հիշատակը հարգելու սիրելու չի լինում»,-ասաց Շարմազանովը: