Իր ղեկավարից վիրավորված մարդը հայրենիք չի դավաճանում. Բեգլարյանը մեկնաբանում է Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու՝ Տավուշի մարզպետի խորհրդականի քայլը
ՀասարակությունՀունիսի 6-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն իր թիվ 60-Ա որոշմամբ` Լյուբիկ Չիբուխչյանին ազատել է մարզպետի խորհրդականի պաշտոնից: Որպես որոշման հիմք նշվում է Լ. Չիբուխչյանի անձնական դիմումը:
Ավելի ուշ Չիբուխչյանը զանգահարել է Aravot.am և հայտարարել, որ դիմելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի վերջինս իրեն՝ ընտանյոք հանդերձ, քաղաքական ապաստան տրամադրի:
Լուրեր.com-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ, ԵԿՄ անդամ, արձակագիր և դրամատուրգ Սամվել Բեգլարյանն` անդրադառնալով նրա հայտարարությանը, նշեց.
«Լյուբիկ Չիբուխչյանին Գրողների միության անդամ դառնալու համար բաժանմունքը պետք է տա երաշխավորագիր: Ես Գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ եմ և ուղիղ հինգ ամիս նրան երաշխավորագիր չեմ գրել, ինչքան էլ ստիպել են տարբեր ատյաններից: Ես գրել եմ, որ եթե մի մարդ տասը երկրի ոսկե մեդալակիր է, ակադեմիկոս է, 175 գրքի հեղինակ, թե 60 տարում ոնց է գրել, Աստված գիտի, դե թող Գրողների միության անդամ էլ լինի, ի՞նչ կա որ, այնտեղ իրենից ավելի վատերն էլ կան:
Գրողների միության անդամ դառնալով հանդերձ` նա անգամ չի գնացել իր տոմսն ստանալու, նա չէր շփվում միության հետ:
Նա գրել է մի գիրք` ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային նվիրված` «Էլնարա», ով երգում է «Ա բլբուլ» երգը: Ես փորձեցի ճշտել, թե այդ ինչ երգչուհի է, որ նրա մասին հայերեն գիրք է գրվել: Ի դեպ, Լյուբիկը հաստափոր գրքեր է գրել նաև Պուտինի, կաթողիկոսի, մեր նախագահի, Ղարաբաղի նախագահի մասին: Մի գիրքն էլ տպագրվում էր 25-30.000 դոլարով, որտեղի՞ց էր նրան այդքան ֆինանսները. դա էլ ինքներդ գուշակեք:
Ինձ հետաքրքիր էր, թե ով է այդ Էլնարան:
Ես պարզեցի, որ այդ երգչուհու «Ա բլբուլ» երգը հակահայկական երգ էր: Այդտեղ ցույց է տալիս, թե ինչպես է սոխակը վանդակի մեջ թռչկոտում, գերյալ է, ըստ երգի՝ այդ սոխակն Արցախն է: Ինչպե՞ս կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես ադրբեջանցիների համար կորսված Արցախի խորհրդանիշ: Էլնարան իր խոսքում շեշտում է, որ իր երգը նվիրված է Արցախին:
Չիբուխչյանը ցնցվել է այս երգից և գիրք նվիրել: Կարծում եմ` նա հենց այդ գիրքը գրել էր նպատակային, որ հետագայում օգտագործեր, թե իրեն Հայաստանում հալածանքի են ենթարկում, որ ինքը քաղաքական ապաստանի հիմք ունենա: Բայց չստացվեց, որովհետև այդ գրքի համար իրեն ոչ ոք չհալածեց, մենք հո Բաքուն չե՞նք, որ գիրք վառենք կամ մարդ սպանենք:
Այդ գիրքը մեզ մոտ պարզապես հակակրանք առաջացրեց, ուրիշ ոչինչ: Նա դրան չէր սպասում, նա սպասում էր, որ իրեն կհալածեն: Ինքը փորփրում և Ալիևին նամակ գրելու հիմքեր էր փնտրում:
Թշնամի երկրից քաղաքացիություն ուզելը ո՛չ սոցիալական հարց է, ո՛չ աշխատավարձի խնդիր է, ո՛չ էլ նեղացվածության ու վրեժխնդրության հարց է: Դա գենի հարց է: Դավաճանությունն արյան մեջ է լինում, գենի մեջ է լինում:
Աշխատավարձից կտրված մարդը, աշխատանքից ազատված մարդը, իր ղեկավարից վիրավորված մարդը հայրենիքը չի դավաճանում: Դա գենի մեջ է լինում»:
Բեգլարյանի խոսքով` Տավուշի նորանշանակ մարզպետը դեռ չէր էլ հասցրել զբաղվել մարզպետարանի խնդիրներով, բայց Չիբուխչյանը` որպես «Նոստրադամուս», հասկացել էր, որ Աբովյանը չի ցանկանում իր հետ աշխատել, նախապես նամակ էր գրել ՀՀ նախագահին.
«Հովիկ Աբովյանը նոր-նոր դարձել է մարզպետ, եկեղեցի էր բացում, կարծում եմ` մարզպետարանի խնդիրներով դեռ չէր էլ զբաղվել, և արդեն այս մարդը, դե եթե տասը երկրի պատվավոր քաղաքացի է, դարի մարդ է, 60 տարում 175 գիրք է գրել, ո՞նց կարող է Նոստրադամուս չլինել:
Նա գուշակում էր, որ Հովիկ Աբովյանը չէր ուզում իր հետ աշխատել: Հովիկ Աբովյանն ըստ իրեն, քանի՞ գլխանի էր, որ այդ «դարի մարդու» կամքը չկատարեր, բայց դրա համար չեն դիմում թշնամի երկրին` քաղաքացիություն ստանալու համար:
Չեմ կարծում, որ Բաքվում իրենով որևէ մեկը հիացած է: Կարծում եմ` դավաճանը միակ բառն է, որ բոլոր երկրներում նույնը կլինի:
Եթե մեկն իմ դռնից ոսկոր է բերում ձեր դուռը, ձեր դռնից էլ մի փալաս է բերելու մեր դուռը: Թող գնա, ի՞նչ ենք կորցնում որ, Ադրբեջանում իրենց տեսակի մեկն էլ կավելանա, ավելի լավ չէ՞, որ էդ տեսակը գնա:
Դավաճանը մեկ տեսակի է լինում: Եթե անգամ որևէ մեկն Ադրբեջանից կամ Թուրքիայից նման պատրվակով քաղաքացիություն ուզի Հայաստանից, մեկ է, նա էլ ինձ համար դավաճան կլինի»,- եզրափակեց Բեգլարյանը:
Գայանե Համբարձումյան