Նույնասեռականների նկատմամբ խտրականությունը հարձակում է համամարդկային արժեքների վրա. Բան Կի Մուն (տեսանյութ)
ԱշխարհՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել դադարեցնել նույնասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների նկատմամբ բռնությունների և խտրականության դրսևորումները։ Նրա կարծիքով՝ սեռական կողմնորոշման նկատմամբ խտրականությունը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում։
Նախօրեին Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի պատվիրակներին ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի՝ «Խտրականություն առաջացնող օրենքներ և պրակտիկա ու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով անձանց նկատմամբ բռնություն» վերնագրով զեկույցը։ Փաստաթղթում ասված է, որ առանց բացառության աշխարհի բոլոր շրջաններում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները սպանությունների, բռնությունների, հետապնդումների և խտրականության զոհ են դառնում։
Հատկանշական է, որ այս փաստաթուղթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի՝ այս թեմայով առաջին զեկույցն է։
Բան Կի Մունը հայտարարել է, որ պետությունները պետք է պայքարեն սեռական կողմնորոշման պատճառով ի հայտ եկող խտրականության ու հանցագործությունների դեմ և հրաժարվեն ոչ ավանդական սեռական կողմնորոշման քրեականացման պրակտիկայից։
«Դուք՝ իբրև Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներ, պետք է դիմակայեք այս երևույթներին։ Նույնասեռականներին, բիսեքսուալներին ու տրանսսեքսուալներին ես մի բան եմ ուզում ասել՝ դուք միայնակ չեք։ Խտրականության և բռնության դեմ ձեր պայքարը հանդիսանում է մեր ընդհանուր պայքարը։ Ցանկացած հարձակում ձեր վրա հարձակում է ՄԱԿ-ի համամարդկային արժեքների ուղղությամբ... Այսօր ես ձեզ հետ եմ... Ու ես բոլոր երկրներին ու ժողովուրդներին կոչ եմ անում հանդես գալ ձեր պաշտպանությամբ»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։