24 տարի առաջ այս օրն ընդունվեց Անկախության հռչակագիրը (տեսանյութ)
Հայաստան
24 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը կազմված էր 12 կետից, որոնք հռչակում էին անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հայաստանի Անկախության հռչակագիրը ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը՝ որպես առաջին հանրապետության հիմնադրի անվանակից:
Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների 94,99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը:
Անկախության հռչակագրում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին»:
Հռչակագիրը սահմանում էր, որ այն հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։
