Քրեաօլիգարխիկ համակարգի հիմնական շարժիչ ուժը պահպանողական ընտանիքներն են. Զարուհի Հովհաննիսյան
Հասարակություն«Մենք հավատում ենք, որ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական և ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է. մեր ավանդական և պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում և լսում են ավագին, որի հենասյունն է կինը և մայրը: Սակայն «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ «ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյալ»,- նախօրեին կայացած ՀՀԿ 13-րդ համագումարում ասել է Սերժ Սարգսյանը:
Սարգսյանի արտահայտած վերոնշյալ մտքի կապակցությամբ Լուրեր.com-ին մեկնաբանություն տվեց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
«Ընտանիքը չի կարող լինել մեր գոյության երաշխավորող: Այդպես եղել է պետականություն չունենալու պայմաններում. պահպանել էթնիկ ինքնությունը՝ երազելով պետականություն ունենալու մասին: Մեր անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հենակետն ազատ քաղաքացին է, որն ունի իշխանություն ձևավորելու ու հանրային կառավարմանը մասնակցելու հավասար իրավունք: Ուստի, ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող երկրում որքան ամուր է պետության սահմանադրական կարգը, ընտրական համակարգը, որքան կայացած են իշխանության թևերն ու թափանցիկ կառավարումը և փոխվերահսկելի, որքան հղկված են օրենքները, հավասար պայմաններ են ստեղծված սոցիալական տարբեր խմբերի և անհատների համար, այնքան թուլանում է ընտանիքի, գերդաստանի, կլանի դերակատարումը անհատ քաղաքացու կյանքում։ Ի՞նչ ունենք այժմ: Քրեաօլիգարխիկ համակարգ, որի հիմնական շարժիչ ուժն այդ պահպանողական ընտանիքներն են, որոնք չեն ենթարկվում օրենքներին, քանի որ ունեն իրենց չգրված օրենքները, իրենց ընտանիքից դուրս անձանց չեն դիտարկում իբրև հավասար քաղաքացիներ։ Պաշտպանված է այն մարդը, որն ընդգրկված է կլանում, բուրգի մեջ՝ բարեկամը, խնամին, ազգականը, որն աներկբայորեն ենթարկվում է ներքին կանոնակարգին: Այս համակարգում արգելված է ընտրությունը, սերը, իրավունքը։ Ամեն բան որոշում է կլանի ղեկավարը։ Ընտանիքը խրախուսում է կոռուպցիան, քանի որ հանուն բարեկեցության' ցանկացած քայլի դիմելը միայն սխրանք է։ Ընտանիքը խրախուսում է հովանավորչությունը, քանի որ պաշտոնական դիրք գրավող կլանի ներկայացուցիչը պարտավոր է հոգ տանել իր ազգականների մասին ու տեղավորել աշխատանքի շահավետ տեղերում։ Այսպիսով, վտանգվում է երկրում պրոֆեսիոնալ ոլորտը՝ մասնագետների որակի, մրցակցության բացակայության պայմաններում շղթայական ռեակցիայով վտանգվում կրթության համակարգը։Եվ ընդհանրապես, ինչպես գրված է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածում, «յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը», այսինքն` ոչ ոք իրավունք չունի ինձ պարտադրել նախընտրել այս կամ այն մոդելն՝ ընտանիք կազմելու համար, քննել, թե ինչպիսի անձնական կյանքով եմ ապրում: Դա Սահմանադրության կոպիտ խախտում է»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը: