Հայագիտության եղեռն՝ Հայաստանում
ՎերլուծականՉենք կարող չարձագանքել «Ազգ» օրաթերթում ս. թ. փետրվարի 25-ին պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հրապարակած «Գրագողությունը որպես ուղիղ ճանապարհ կամ գիտական բարոյականության պաշտպանները» զրպարտչագրին։ Ապշած ու խորապես վրդովված ենք ստախոսությունների, վիրավորանքների, զրպարտությունների այն տարափից, որ հեղինակը հեղում է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանի, և բազմաթիվ այլ մտավորականների՝ ներառյալ մաթեմատիկոսների, քաղաքական գործիչների, սփյուռքահայ հեռուստաստուդիաների աշխատակիցների և, վերջապես, հայ մարդկանց հասցեին։ Մի՞թե մտավորականին անվայել այսպիսի սանձարձակ լեզվաոճով պետք է առանձնանա Հայաստանի Հանրապետության գիտության պատասխանատու պաշտոնյան՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։
Մոտիկից ծանոթ լինելով Արմեն Այվազյանին, նրա գիտական ու հասարակական գործունեությանը և աշխատություններին, նաև ազգային տարբեր ծրագրերի և նպատակների իրականացման գործում տարիներ շարունակ համագործակցելով նրա հետ՝ մեզ պարտավորված ենք զգում արձագանքելու Հ. Դեմոյանի վերոհիշյալ հրապարակմանը։
Արմեն Այվազյանին ներկայացնելու կարիք չկա. նա ճանաչված գիտնական է՝ տաղանդավոր պատմաբան ու քաղաքագետ, ազգի և պետության շահերով ապրող հայորդի։
Բացի զուտ գիտական աշխատանքից, Ա. Այվազյանն ինքնուրույն մտածելակերպ է դրսևորել և ճշմարիտ գիտնականի խղճմտանքով իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել նաև շատ քաղաքական հարցերում՝ հաճախ հակադրվելով իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերի տեսակետներին։ Բայց դա որևէ մեկին իրավունք չի վերապահում նրա կամ որևէ այլ ազնիվ քաղաքացու դեմ անհիմն ու վիրավորական արտահայտություններ և մեղադրանքներ ներկայացնել։ Ուրեմն՝ այդ ո՞ր ռասայի կամ ազգի դեմ է Այվազյանը ոչնչացման ծրագրեր մշակել, ո՞ր ազգերին է ստորադասել մյուսներից, որ Հ. Դեմոյանը պիտակավորում է նրան՝ որպես Հայաստանի «ամենառասիստ» և «անհանդուրժող» անհատի՝ անհասցե հղելով ԱՄՆ-ում իր լսած ասեկոսեներին։ Մտացածին ու անհեթեթ այս մեղադրանքների աղբյուրը հայտնի է։ Դեռևս 1998 թ. Ա. Այվազյանը հրապարակեց իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» հիմնարար մենագրությունը՝ բացահայտելով միջազգային գիտական ասպարեզում վաղուց շրջանառության մեջ դրված հայոց պատմության կարևոր հարցերի կեղծարարությունները, դրանց ընդհանուր ուղղություններն ու մեթոդաբանությունը։ Հայերին իրենց հայրենիքում եկվոր համարողների, Մովսես Խորենացուն որպես «լկտի և կեղծարար խաբեբա» անվանարկողների, հայկական մշակույթն ու մեծերին նսեմացնողների դեմ միայնակ ու համարձակ դուրս գալով՝ Այվազյանը պաշտպանեց բոլորիս արժանապատվությունը, բայց՝ միաժամանակ դարձավ կեղծ-հայագիտության ու նրա հետևում կանգնած քաղաքական հզոր ուժերի թիրախը։ Այդ ուժգին հարվածը նրան չներեցին։
Իսկ այժմ՝ Հ. Դեմոյանն է անվարան կրկնում Ա. Այվազյանի հասցեին նույն այդ օտար ուժերի զրպարտությունները, ստանձնում դրանց տարածողի դերը, և այն էլ ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնական դիրքից։ Սա, անշուշտ, անհանդուրժելի է։ Իզուր է Հ. Դեմոյանը ճամարտակությամբ փորձում մրոտել Ա. Այվազյանի ազնիվ քրտինքով վաստակած դոկտորական աստիճանն ու ընթացիկ տքնաջան աշխատանքը:
Սակայն ամենից զայրացուցիչն Ա. Այվազյանին գրագողության մեջ զրպարտելն է։ Ընդհանրապես, որևէ ստեղծագործող ու նվիրյալ գիտնական, ինչպիսին է, անտարակույս, Ա. Այվազյանը, գրագողությամբ զբաղվելու կարիքն ու մղումը երբեք չունի, ուստի՝ Դեմոյանի մերկապարանոց մեղադրանքներն ի սկզբանե ստախոսությունների շարան ու զազրաբանություն են։ Այսուհանդերձ, հարկ ենք համարում նաև առարկայորեն' կետ առ կետ անդրադառնալ այս խնդրին՝ Դեմոյանի նշած հերթականությամբ։
Օրինակ 1. Դեմոյանը հայտարարում է, որ Ա. Այվազյանի «Թուրքիայի Հանրապետությունը պատմության առաջին ֆաշիստական պետությունն է» («Հայաստանի զրուցակից», 18 մարտի 2011թ.) հոդվածում Ա. Այվազյանը դիմել է «բացահայտ գրագողության» իր «Республика депортаций и погромов» («Голос Армении», 21 апреля 2005 г.) հոդվածից։ Ուշագրավ է, որ այսպիսի պատասխանատու հայտարարություն անելով՝ Հ. Դեմոյանը առարկայական օրինակներ չի բերում, այլ ընթերցողի հայեցողությանն է թողնում ստուգել իր ասածի ճշմարտացիությունը։ Ուշադիր կարդալով երկու հոդվածները՝ կարող ենք վստահորեն պնդել, որ գրագողության վերաբերյալ մեղադրանքը շինծու և հնարովի է, նույնիսկ՝ մանկական։ Եթե Դեմոյանը գրագողության անվան տակ նկատի ունի տարբեր ազգերի նկատմամբ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության իրականացրած ցեղասպանական քաղաքականության փաստերը, որոնք օգտագործված են երկու հոդվածներում էլ, ապա դրանք հանրահայտ գիտելիք են և տասնամյակներ շարունակ բազմիցս օգտագործվել են գիտական ու հրապարակախոսական գրականության մեջ։ Հ. Դեմոյանի քարոզչական բնույթի հոդվածը գիտական նորույթ չի պարունակում ոչ հարցադրումների, ոչ էլ փաստական մասով (այսինքն՝ սա գիտություն չէ)։ Դեմոյանն իր շարադրանքում մի անգամ օգտագործում է «պետական ֆաշիզմ» արտահայտությունը՝ վերագրելով այն միայն թուրքական ցեղասպան քաղաքականության դրսևորումներին՝ «պետական ֆաշիզմ իրենց պատմական հայրենիքներում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ» [«государственный фашизм в отношении проживающих на территории своих исторических родин национальных меньшинств»]։ Եթե Դեմոյանը կարծում է, որ ինքն առաջի՞նն է «ֆաշիզմ» եզրույթով բնորոշել այլ ազգերի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը, ապա պետք է նրան հիասթափեցնենք, քանի որ իրենից վաղ շատերն են դա արել, այդ թվում՝ նույն Ա. Այվազյանը, օրինակ, դեռևս 2003 թ. հետևյալ տողերը շարադրելով՝ «Թուրքիայի ազգայնամոլությունը և փոքրամասնությունների (հատկապես՝ քրդերի) նկատմամբ վարվող ֆաշիստական քաղաքականությունը համարժեք գնահատականի և վերաբերմունքի չեն արժանանում [Արևմուտքում]» (Ա. Այվազյան, «Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի», Երևան, 2003, էջ 18)։ Մաթեմատիկայի ասպարեզում, հատկապես վիճակագրական մասնաճյուղի մեջ Դեմոյանի ճամարտակությունը կկոչեին Բայեսյան Մակաբերություն (Bayesian Inference), որը սահմանափակում է ապացույցների տարածությունը, որպեսզի ենթադրված վարկածի եզրակացությունն ստանա նախապես պատվիրված տեսքը։
Հարկ է անել մեկ կարևոր դիտողություն ևս. Դեմոյանը, նշելով, թե Թուրքիայում ազգային ճնշումների ենթարկվող փոքրամասնություններն ապրում են իրենց «պատմական հայրենիքներում», պատմական և քաղաքական կոպիտ սխալ է թույլ տալիս, քանի որ այսօր Արևմտյան Հայաստանը՝ հայոց հայրենիքի մի մասը, բնակեցված է հիմնականում քրդերով։
Մինչդեռ Ա. Այվազյանի հոդվածում նորովի ձևակերպված է և քննության առնված ավելի լայն մի խնդիր՝ համարժեքորեն գնահատել Թուրքիայի Հանրապետության քաղաքական համակարգն ու պետական գաղափարախոսությունը՝ հետևողականորեն «առերեսելով» այն ֆաշիզմին հատուկ վեց հիմնական չափանիշների հետ, ներառյալ՝
1) ազգայնամոլությանն ու ցեղասպան քաղաքականությանը,
2) ամբողջատիրությանը,
3) պետականապաշտ կապիտալիզմին (Etatism),
4) հակակոմունիզմին,
5) առաջնորդամոլությանն ու անձի պաշտամունքին,
6) միջազգային ասպարեզում դրսևորած ռազմամոլությանն ու հարձակողականությանը (ագրեսիային)։
Ինչպես ասվեց՝ Դեմոյանը շարադրել է հանրահայտ փաստեր այս կետերից միայն առաջինի մասին, իսկ մյուս հինգի մասին նրա հոդվածում խոսք չկա։ Ընդ որում, առաջին կետի վերաբերյալ էլ Այվազյանը բերել է մի շարք փաստեր և մեկնաբանություններ, որոնք հայալեզու գրականության մեջ մինչ այդ քիչ են շրջանառվել կամ առհասարակ չեն շրջանառվել (օրինակ, Գրեգորի Սթենթոնի և Էլի Վիզելի գնահատականները ցեղասպանության ժխտման կամ Թուրքիայում հայասպան Թալեաթի պատվին անվանակոչված փողոցների, դպրոցների, զբոսայգիների մասին)։ Պատահական չէ, որ Ա. Այվազյանի սույն հոդվածը, որ լույս էր տեսել երեք լեզվով (հայերեն, ռուսերեն ու անգլերեն), մեծ արձագանք գտավ արտասահմանում՝ անմիջապես հրապարակվելով ամերիկյան, քրդական, ուկրաինական, ռուսական, հրեական, հունական բազմաթիվ կայքերում, ինչն ինքնին այս վերլուծության նորույթի և արժեքի վառ վկայություն է։ Այսպիսով՝ Դեմոյանի նշած «գրագողության» առաջին օրինակը փուչ է ու սնանկ։
Օրինակ 2. Դեմոյանը հայտարարում է, որ Ա. Այվազյանը՝ «Արմինֆո» գործակալությանը տված իր մի հարցազրույցում («Карабахский конфликт – часть Армянского вопроса», 23. 02. 2009) իբր «բառ առ բառ կրկնում է իմ արտահայտած մտքերն ու թեզերը, առանց որևէ հղում կատարելու այդ ձևակերպումների հեղինակին»։ Ըստ Դեմոյանի, այդ բառացի մեջբերումներն իբր կատարվել են «Голос Армении» թերթում նրա ավելի վաղ հրապարակած հետևյալ հոդվածից՝ «КАРАБАХСКАЯ ПРОБЛЕМА - часть большого пакетного урегулирования» (07. 03. 2006)։ Նախ, տարօրինակ է, որ Դեմոյանը, ինչպես և իր մոգոնած նախորդ դեպքում, դարձյալ «գրագողության» որևէ առարկայական օրինակ չի բերում։ Սակայն, ծանոթանալով նրա այդ հոդվածին, բացահայտեցինք ճիշտ հակառակ իրողություններ, այն է՝ պարզ գրագողություն ու կրկնություններ Ա. Այվազյանի շատ ավելի վաղ հրապարակված աշխատություններից։ Ահավասիկ, այդ կրկնություններից մի քանիսը։
1) Դեմոյանի հոդվածի հիմնական գաղափարը արտացոլված է վերնագրում ու հետևյալ նախադասություններում՝
• «Ղարաբաղյան խնդիրը՝ փաթեթային մեծ կարգավորման մի մասն է» [«КАРАБАХСКАЯ ПРОБЛЕМА - часть большого пакетного урегулирования»],
• «Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ Հայկական մեծ հարցի մի մասն է։ Թուրքիան բոլոր չափանիշներով ղարաբաղյան հակամարտության մաս է» [проблема КАРАБАХА - ЭТО ЧАСТЬ БОЛЬШОГО АРМЯНСКОГО ВОПРОСА. Турция по всем параметрам является частью карабахского конфликта] (իրականում՝ Դեմոյանի ձևակերպումը խիստ անհաջող է, պետք է լինի՝ «Թուրքիան… ղարաբաղյան հակամարտության կողմ է»՝ «Турция… является стороной карабахского конфликта»),
• «Ղարաբաղյան կարգավորումը հայ ժողովրդի առջև եղած եռամիասնական հիմնախնդրի մի մասն է։ Այդ հիմնախնդրի տարրերն են՝ (արդեն լուծված) ղարաբաղյան հարցը, Նախիջևանի կարգավիճակի միջազգային սահմանումը և Նախիջևանի հայերի վերադարձը հայրենիք և, վերջապես, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և պատմական բնակեցման տարածքներից քշված ժառանգների վերադարձը հայրենիք» [Карабахское урегулирование есть часть триединой проблемы, стоящей перед армянским народом. Элементами этой проблемы являются: карабахский вопрос (уже разрешенный), международное определение статуса Нахиджевана и возвращение нахиджеванских армян на родину и, наконец, признание Турцией Геноцида армян и возвращение потомков, изгнанных с территорий исторического проживания, на родину.]։
Իսկ այժմ մեջբերենք Ա. Այվազյանի շատ ավելի վաղ հրապարակված մի շարք բանաձևումներ, որոնք էլ հիմք են ծառայել Հ. Դեմոյանի վերոբերյալ գնահատականների համար՝ երբեմն բառացիորեն կրկնվելով.
• «Պատմական առումով՝ 1988-1997 թթ. Ղարաբաղյան հակամարտությունը անջատ դրվագ չէ, այլ օրգանական շարունակությունն է 1890-ականներից մինչև 1923 թվականը ձգված հայ-թուրքական (օսմանյան) հակամարտության։ Դժբախտաբար, 1905-1906 թթ. ի վեր հայ-թուրքական հակամարտության բաղկացուցիչ մաս է եղել Այսրկովկասում ընթացող հայ-թաթարական (ադրբեջանական) հակամարտությունը։ Հակահայկական ուղղվածություն ունեցող թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը բացահայտորեն դրսևորվել է 1905-1906 թթ., 1918-1921 թթ. և արդի՝ 1991-ից ցայսօր շարունակվող պատմական ժամանակահատվածներում» (Ա. Այվազյան, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը», Երևան, 1998, էջ 19)։
• «Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության անմիջական մասնակից է, մի ծանրակշիռ փաստ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններն սկզբունքորեն անտեսում են» (Ա. Այվազյան, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը», Երևան, 1998, էջ 30-31)։ Այս եզրակացությունն Այվազյանը կատարել է (և ընդգծել) 1991 թ. ի վեր Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ մանրամասն վերլուծելուց հետո (նույն տեղում, էջ 19-30).
• «Խորհրդային Միության փլուզմամբ Հայկական հարցը «սառցազերծվեց» ու մտավ վայրիվերո զարգացման փուլի մեջ: Հայկական հարցի փոխակերպումները ցայտուն կերպով արտահայտվեցին ու շարունակում են արտահայտվել հետևյալ չորս ուղղություններով.
ա) Արցախի հիմնահարցում,
բ) որևէ առումով պակաս կարևորություն չունեցող' վերջերս էլ տեսանելիորեն սրված Ջավախքի հիմնահարցում,
գ) հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումներում, ժխտումներում ու շահարկումներում,
դ) հայ-թուրքական հարաբերություններում, ներառյալ Հայաստանի ցամաքային շրջափակման հարցում»
(Ա. Այվազյան, Սևրի պայմանագրի չիրագործման հետևանքները Մերձավոր Արևելքի և միջազգային քաղաքականության համար. – «Երկիր», 13 հունվարի 2006 թ., #1 (1871))։
Ինչպես տեսնում ենք, վերջին դեպքում Հ. Դեմոյանը պահպանել է Ա. Այվազյանի' ներկա փուլում Հայկական հարցի մի քանի ուղղությունների բաժանված լինելու մոդելը, որևէ կերպ, սակայն, չհիշատակելով այն առաջարկած հեղինակին։ Նա մասամբ (և, մեր կարծիքով, ոչ հիմնավորված կերպով) փոխել է դրա բովանդակությունը՝ կոպտորեն ջնջելով Ջավախքի հիմնախնդիրը և ավելացնելով այս պահի դրությամբ բոլորովին անիրատեսական և անմշակ երեք հայտարարական (դեկլարատիվ) պահանջ՝ Նախիջևանի կարգավիճակի միջազգային սահմանում, հայերի վերադարձ Նախիջևան և Արևմտյան Հայաստան։ Իսկ թե այդ երևակայական սցենարներն ինչպես կարող են իրականանալ ադրբեջանական և թուրքական ռազմաքաղաքական իշխանության պայմաններում՝ Դեմոյանը չի բացատրում։ (Արժե հպանցիկ շոշափել նաև մեր սույն հոդվածի շրջանակներից դուրս գտնվող մի խնդիր։ Պրն. Դեմոյանն ատամներով պաշտպանում էր ՀՀ-Թուրքիա չարաբաստիկ արձանագրությունները, թեև դրանք ամբողջությամբ հակառակ էին իր վերոգրյալ կետերին, ինչն ինքնին գիտական և բարոյական սկզբունքների դավաճանության մի խոսուն փաստ է։)
Կարելի է բազմաթիվ մեջբերումներ անել Ա. Այվազյանի՝ հայ-թուրքական խնդիրներին վերաբերող այլ վերլուծություններից ևս, քանի որ նա մասնագիտական ընդարձակ քննությամբ բազմիցս է անդրադարձել Հայաստանի ու, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը դեռ նախքան այդ մասին որևէ բան կգրեր Հ. Դեմոյանը (տե՛ս, օրինակ՝ Ա. Այվազյանի հետևյալ մենագրությունները՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը», Երևան, 1998, էջ 19-36, «Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի», Երևան, 2004, 2-րդ հրատ., էջ 66-73, 107-130, 136-137, 207-219)։ Հիշեցնենք նաև, որ է՛լ ավելի վաղ՝ 1993-1994 թթ. Ա. Այվազյանն անձամբ է մասնակցել Ղարաբաղյան հակամարտության շուրջն ընթացող պաշտոնական բանակցություններին Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցության (ԵԱՀԽ) շրջանակներում, այդ թվում՝ Մինսկի խմբում։ Դեռևս այն ժամանակ, երբ Հ. Դեմոյանը դպրոցական էր, Ա. Այվազյանը, աշխատելով որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, ԵԱՀԽ-ում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա), անդրադարձել է այդ հարցերին նաև բազմաթիվ դիվանագիտական գրավոր ու բանավոր զեկույցներով։
2) 2006 թ. մարտի 7-ի իր նույն հոդվածում Դեմոյանն օգտագործում է հետևյալ բանաձևումը՝ «турецко-азербайджанско-армянский конфликт», որն առաջին անգամ առաջարկել էր Ա. Այվազյանը տակավին 1998 թ.՝ «հայ-թուրք/ադրբեջանական հակամարտություն» (Ա. Այվազյան, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը», Երևան, 1998, էջ 19, 24):
3) Նույն հոդվածում Դեմոյանը գրում է. «Մենք ինքներս պետք է հասկանանք (և, որ ավելի կարևոր է, չվախենանք չափից դուրս «ագրեսիվ» երևալուց), որ ղարաբաղյան հակամարտության լուծումը մաս է կազմում մեծ փաթեթային կարգավորման, որը կոչված է ապահովելու Հայաստանի ու հայ ժողովրդի երկարաժամկետ անվտանգությունը թուրք-ադրբեջանական ագրեսիվ հակահայկական դաշնակցության պայմաններում» [Нам самим пора понять (и, что гораздо важнее, не бояться при этом казаться чрезмерно "агрессивными"), что разрешение карабахского конфликта является частью большого пакетного урегулирования, которое призвано обеспечить долгосрочную безопасность Армении и армянского народа в условиях агрессивной турецко-азербайджанской антиармянской коалиции]։
Այս մասին Դեմոյանից առաջ Ա. Այվազյանը շատ է գրել և ահազանգել, ուստի մեջբերենք միայն տակավին 1998 թ. հրապարակված հետևյալ տողերը. «Փոխանակ… իր արտաքին քաղաքականության անկյունաքարում դնելու Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակցության ներկայացրած համատեղ երկարաժամկետ վտանգը…, Հայաստանի արտաքին քաղաքականությունը [1994-1997 թթ.] չդրսևորեց ճկունություն, չառաջադրեց որևէ խոշոր նախաձեռնություն և մնաց 1992-1994 թթ. սպառված դիրքորոշումների վրա» (Ա. Այվազյան, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը», Երևան, 1998, էջ 34)։
Այսպիսով՝ Դեմոյանի նշած «գրագողության» երկրորդ օրինակը ևս փուչ ու սնանկ է։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ Ա. Այվազյանը հանգում է իր այս եզրակացություններին գիտական մանրամասն քննություն կատարելուց հետո, մինչդեռ Հ. Դեմոյանը վերցնում և օգտագործում է դրանք արդեն մշակված և պատրաստի բանաձևումների տեսք ստացած վիճակում։
Օրինակ 3. Դեմոյանը հայտարարում է. «Ա. Այվազյանի վերջերս հրապարակած «Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը», «Հայաստանի զրուցակից», #18 (181), 13 մայիսի, 2011 թ. հոդվածի մուտքն ուղղակի արտագրություն է իմ «Հայկական զինանշաններ, դրոշներ, պետական պարգևներ» մենագրության ներածությունից (տես' էջ 4)»։ Կարդալով «ուղղակի արտագրության» մասին այս ամբաստանությունը, մենք, ճիշտն ասած, սկզբից մտածեցինք, որ գուցե Ա. Այվազյանի հոդվածի՝ մարտական դրոշների մասին հանրագիտարանային տեղեկություններ պարունակող մուտքը կարող էր և ինչ-որ կետերում համընկնել Հ. Դեմոյանի վերոհիշյալ բանաքաղական (կոմպիլյատիվ) գրքի, իսկ ավելի ստույգ' ալբոմի «Ներածության» հետ, ինչն էլ Դեմոյանը շահագործել է նման անհիմն հայտարարություն անելու համար։ Սակայն, անչափ մեծ էր մեր զարմանքն ու վրդովմունքը, երբ Ա. Այվազյանի հոդվածի մուտքը նշված ալբոմի «Ներածության» (էջ 4) հետ համեմատելով, համոզվեցինք, որ որևէ նախադասություն, որևէ բառակապակցություն և ավելին՝ որևէ միտք այնտեղ կրկնված չէ, էլ չասած «ուղղակի արտագրության» մասին։ Որպեսզի ընթերցողը ևս համոզվի դրանում, կողք կողքի ամբողջությամբ զետեղում ենք Դեմոյանի ալբոմի «Ներածությունը» և Ա. Այվազյանի հոդվածի մուտքը (վերջինիս մեջ շեղագիր ընդգծում ենք այն հատվածները, որոնք Դեմոյանի «Ներածությունից» իսպառ բացակայում են).
Աղյուսակ Ա.
Հ. Դեմոյանի «Ներածության» զուգադրում
Ա. Այվազյանի հոդվածի մուտքի հետ
Հ. Դեմոյանի «Հայկական զինանշաններ, դրոշներ, պետական պարգևներ» ալբոմի «Ներածությունը»(էջ 4)–«Պատմականորեն զինանշանները որոշակի պատկանելություն մատնանշող խորհրդանիշեր են, որոնք պատկերվում են դրամների, շքանշանների, կնիքների, դրոշների, ռազմի առարկաների, պաշտպանական կառույցների վրա։ Եվ որպես այդպիսին՝ որպես պետության, տարածքային միավորի, ազնվականական կամ իշխանական տոհմի կամ անհատների խորհրդանիշ՝ զինանշանների ու դրոշների պատկերային համակարգն իր վրա կրում է համապատասխան աշխարհագրական, վարչական, տնտեսական, կենցաղային առանձնահատկությունները։ Զինանշաններն ու մյուս խորհրդանիշերը ծագել են մարդկության պատմության դեռ վաղ շրջանում՝ կապված տոհմի պահապան կենդանիների պաշտամունքի, տոտեմների առաջացման հետ։ Ավելի ուշ, պետությունների, թագավորական և իշխանական տների ձևավորմանը զուգընթաց, զինանշաններն ու դրոշներն ավելի հստակ ու ընդգծված տեսք և իմաստ են ձեռք բերում՝ դառնալով ժառանգաբար փոխանցվող տարբերանշաններ։
Զինանշանների ու դրոշների դերը հատկապես մեծ է եղել պատերազմների ժամանակ։ Դրանք ծառայել են բանակի կամ առանձին զորախմբերի ռազմական ներուժի համախմբմանը, հանդես են եկել որպես հավաքականության և միասնականության արտահայտություն, նաև՝ հաղթանակի խորհրդանիշ, քանզի ռազմի դաշտում, պատերազմի ժամանակ պարտված կողմի տարբերանշանի (զինանշան, դրոշ և այլն) գերումը, ոչնչացումը կամ դրա փոխարինումը հաղթող կողմի զինանշանով կամ դրոշով հաղթանակի վավերացում էր խորհրդանշում։ Զինանշանների մի առանձին տարբերակ են պետական զինանշանները, որոնց նպատակն է խորհրդանիշերի և պատկերների միջոցով բնութագրող պատկերացում տալ տվյալ երկրի պատմության ու ներկայի, մշակույթի և արժեքների մասին։ Պետական զինանշանները ներկայումս, հիմնականում, վավերացվում են տվյալ երկրի սահմանադրությամբ և հատուկ օրենքներով։ Առանձին օրենքներով սահմանվում է նաև պետական խորհրդանիշերի օգտագործման կարգը»։
Ա. Այվազյանի «Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը» հոդվածի մուտքը–«Ինչպես հայտնի է՝ մարտական դրոշը մի միջոց է, նշան, որը միավորում է զորամասը, մատնանշում նրա պատկանելությունը որոշակի պետության կամ խմբի զինված ուժերին, խորհրդանշում զինվորական պատիվն ու միասնության գաղափարը, ճակատամարտի ժամանակ՝ ցույց տալիս զորքերի կենտրոնացման և հրամանատարության գտնվելու վայրերը։ Պատմականորեն մարտական դրոշների ներքո կատարվել են զանազան պաշտոնական արարողություններ, այդ թվում՝ զինվորական երդմնատվություն և պայմանագրերի կնքում։ Մարտադրոշը բարձրացնում է բանակի կամ առանձին ջոկատի բարոյական ոգին և մարտունակությունը, դառնում նաև ռազմական մասունք։ Այսպիսով՝ մարտադրոշն ուներ և ունի ինչպես գործնական, այնպես էլ բարոյական մեծ նշանակություն»։
Փաստորեն, Ա. Այվազյանի ամբողջ այս մուտքն ասում է տարբեր կարևոր բաներ, որոնք Դեմոյանի «Ներածության» մեջ չկան։ Միակ անխուսափելի նմանությունն այն է, որ Ա. Այվազյանն էլ է նշել, որ դրոշը մատնանշում է որոշակի պատկանելություն և խորհրդանշում միասնություն։ Բայց միթե այդ տարրական գիտելիքը, որն արձանագրված է բոլոր հանրագիտարաններում, համապատասխան դասագրքերում ու տեղեկատվական գրականության մեջ, Հ. Դեմոյանի մտքի արգասի՞քն է։ Զավեշտալի է։ Եվ, առհասարակ, այն ամենն, ինչ ասված է Հ. Դեմոյանի ալբոմի «Ներածության» մեջ հայտնի բաներ են և որևէ նորություն չեն պարունակում։ Ցավալի է, որ ՀՀ կարևորագույն հայագիտական հիմնարկներից մեկի տնօրենը գաղափար չունի, թե ինչ բան է մենագրությունը, այլապես իր հրապարակած ալբոմը «մենագրություն» չէր անվանի։ Տեղին ենք համարում հատվածաբար մեջբերել «Հայկական սովետական հանրագիտարանի» (հ. 7, Եր., 1981, էջ 456) «մենագրություն» համառոտ հոդվածը. «ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գիտական աշխատություն, որտեղ առավել լիակատարությամբ ուսումնասիրվում է որոշակի թեմա։ Մենագրության մեջ ընդհանրացվում և վերլուծվում է տվյալ հարցին վերաբերող գրականությունը, առաջ են քաշվում գիտության զարգացմանը նպաստող նոր վարկածներ ու լուծումներ։ ... Մենագրությունն ունենում է մատենագիտական ընդարձակ ցուցակ, ծանոթագրություններ և այլն»։
Հանրահայտ գիտական այս սահմանման համաձայն, Դեմոյանի հրատարակած ալբոմը չի կարող համարվել ոչ գիտական աշխատություն, ոչ էլ առավել ևս «մենագրություն», որովհետև նրանում որևէ նոր բան բացահայտված չէ, հետազոտություն կատարված չէ, գիտական հանդերձանք, մասնավորապես՝ հղումների և ծանոթագրությունների համակարգ գոյություն չունի։ Ալբոմը հրատարակելիս՝ Դեմոյանը, ըստ ամենայնի, գիտակցել է այդ հանգամանքը և ինքն իրեն բնորոշել որպես «կազմող և գլխավոր խմբագիր» (էջ 2), այլ ոչ թե հեղինակ։ Բայց անցել է ընդամենը չորս տարի և նրա հիշողությունը մթագնել է՝ այդ ալբոմն աչքին երևացել է մենագրություն, իսկ ինքն էլ «կազմող և գլխավոր խմբագրից»՝ հեղինակ է դարձել։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Այնքան էլ պարզ չէ, թե ում է գլխավորել այդ ալբոմի «գլխավոր խմբագիր» Դեմոյանը՝ գուցե՞ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Բ. Հարությունյանին, որը նշված է այդ նույն նկարազարդ ալբոմի «գիտական խմբագիր» (էջ 2)։ Ասել է թե՝ սույն ալբոմի գիտական խմբագրումն էլ Դեմոյանը չի արել։ Իրականում՝ այդ ալբոմի շարադրանքը քաղված և սղագրված է տարբեր հետազոտություններից, որոնց վրա համապատասխան հղումներ արված չեն, այսինքն՝ ալբոմը մեծավ մասամբ գրագողության արդյունք է։ Այս իրողությունը կարելի է դյուրությամբ ապացուցել՝ ստորև բերելով ընդամենը մի քանի օրինակ, թե ինչպես է Դեմոյանն իր ալբոմում օգտվել դեռևս 2002 թ. մահացած պատմական գիտությունների դոկտոր Ռ. Ի. Մաթևոսյանի «Հայկական զինանշաններ» (Եր., 2002թ.) արժեքավոր մենագրությունից։
Աղյուսակ Բ.
Հ. Դեմոյանի գրագողության փաստեր
Ռ. Ի. Մաթևոսյանի «Հայկական զինանշաններ» մենագրությունից
Հ. Դեմոյանի «Հայկական զինանշաններ, դրոշներ, պետական պարգևներ» ալբոմ (Եր., 2008թ.)՝
(էջ 16)՝
«Բագրատունիների առյուծակերպ խորհրդանիշերի թվում առանձնանում էԱնիի դարպասներից մեկի վրա պատկերված վարգող հովազի և խաչի պատկերով խորհրդանիշը։ Այս բարձրաքանդակն ունի բարդ հորինվածք։ Այն բազմաստիճան է, հիմքում՝ հովազի քանդակն է, որի թաթի տակ պատկերված է գունդ (ինչպես հայտնի է՝ վերջինս իշխանության խորհրդանիշ է)»։
(էջ 31)
«Կիլիկյան Հայաստանի մի շարք այլ դրամ-ների դարձերեսին նույնպես պատկերված են զույգ առյուծներ, որոնց մեջտեղում՝ երկարավուն խաչ, և դրանից կախված գունդ է դրվագված։ Առկա է նաև շրջանաձև մակագրություն՝ «Կարողությամբ Աստուծոյ»»։
(էջ 46)
«Այս գավիթը, ինչպես հայտնի է, կառուցել է Պռոշ իշխանը 1283 թ., և սա, անկասկած, Պռոշյան իշխանատան զինանշանն է։
Գեղարդավանքում կան Պռոշյանների ևս երկու հերալդիկ նշաններ. Կաթողիկե գավթի ճակատի կենտրոնի խաչքարից ձախ՝ Վաչուտյանների նշանն է, իսկ աջից՝ առյուծի բարձրաքանդակ է՝ Պռոշյանների զինանշանի բաղադրամասը»։
(էջ 46)
«Սյունիքի Օրբելյանների տոհմական հոգևոր կենտրոն Նորավանքում, Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին տեղադրված է Սյունյաց Օրբելյանների զինանշանը՝ ճանկող արծվի պատկերով բարձրաքանդակը, որը մագիլներում եղնիկ է բռնել։ Հորինվածքն, անշուշտ, զուգահեռներ է հուշում Մամիկոնյանների զինանշանի հետ։ Այդ հանգամանքը կրկին բացատրվում է Մամիկոնյանների և Օրբելյանների միջև եղած ազգակցական կապերով»։
Ռ. Ի. Մաթևոսյանի «Հայկական զինանշաններ» մենագրություն (Եր., 2002թ.)՝
(էջ 26)՝
«Բացի վերը նշված առյուծաքանդակներից Անիում կա ևս մեկը՝ դա հովազի հանրահայտ քանդակն է, տեղադրված գլխավոր դարպասի մոտ։ Այս քանդակի հորինվածքն ունի բարդ կառուցվածք։ Այն բազմաստիճան է, հիմքը կազմում է հովազի ֆիգուրը, թաթի տակ գունդ է (իշխանության նշան)»։
(էջ 39)
«Մի խումբ [կիլիկյան] դրամների երկրորդ երեսին պատկերված են զույգ առյուծներ, նրանց միջև դրված է երկարավուն խաչ, որից կախված է գունդ։ Գրված է շրջանա-ձև մակագրություն՝ «Կարողությամբ Աստուծոյ»»։
(էջ 55)
«Այս գավիթը կառուցել է Պռոշ իշխանը 1283 թ., և սա անկասկած Խաղբակյաննե-րի (=Պռոշյանների՝ Հ.Մ., Ս.Ս.) իշխանատան զինանշանն է։
Գեղարդում կան Պռոշյանների ևս երկու հերալդիկ նշաններ՝ Կաթողիկե գավթի ճակատին՝ կենտրոնում դրված է խաչքար, որից ձախ Վաչուտյանների նշանն է, իսկ աջից առյուծ՝ Պռոշյանների զինանշանի բաղադրամասը (նկ. 76)»։
(էջ 55)
«…նույն մոտիվը հանդես է գալիս նաև Սյունիքի Օրբելյանների տոհմական հոգևոր կենտրոն Նորավանքում , ուր 1982-1983 թթ. պեղումների ժամանակ հատնաբերվել է Սյունյաց Օրբելյանների զինանշանը (նկ. 86)՝ ճանկող արծիվ՝ մագիլներում եղնիկ։ …Հորինվածքը նույնն է Մամիկոնյան զինանշանի հետ։ Այդ հանգամանքը բացատրվում է նրանով, որ Մամիկոնյանների և Սյունիքի Օրբելյանների միջև եղել են ազգակցական կապեր»։
Բավարարվենք այսքանով, թեև այս շարքը կարելի է շարունակել։ Եթե վաղամեռիկ Ռաֆայել Մաթևոսյանն այժմ ողջ լիներ, անկասկած, կընդվզեր ի տես իր ծանր տքնանքով գրված աշխատությունից այսպիսի խայտառակ գրագողության փաստերի։ Թեև այդ դեպքում Դեմոյանը, ամենայն հավանականությամբ, առանց աչք թարթելու նրան էլ, ինչպես Ա. Այվազյանին, անմիջապես «հակընդդեմ մեղադրանք» կներկայացներ՝ իբր գրագողությունն իրենից է կատարվել։ Տերն ո՞վ է։ Չէ՞ որ Հայաստանում տիտղոսավոր և «աթոռավոր» ակադեմիական պատասխանատուները հրաժարվում են որևէ դեր ստանձնել գիտական էթիկայի պահպանության ու պաշտպանության գործում, լուռ ու մունջ թույլ են տալիս, իրականում՝ նպաստում, որ հայագիտության դաշտը շարունակաբար լցվի խոտանով ու գրագողությամբ։ Իսկ ո՞վ է բռնելու գրագողի ձեռքը։ Հենց այս գիտական դաշտում տիրող անտերության ու փթածության մթնոլորտն է ծնել դեմոյաններին, որոնք կարծում են, թե իրենց կարիերայի առաջխաղացման համար այլևս ամեն ինչ թույլատրելի է, ընդհուպ՝ մինչև մահացած գիտնականների աշխատությունները դիակապտության ենթարկելը։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում ոչ այլ ինչ է, քան հայագիտության և առհասարակ գիտության սպանություն, որի պատասխանատուն ոչ այնքան դեմոյաններն են, որքան հայրենի պատմագիտության ղեկավար պաշտոններին բազմած այրերը։ Ընդ որում, նրանցից մեկը՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը՝ վերոհիշյալ ալբոմի «գիտական խմբագիրը», լիովին կիսում է նրանում տեղ գտած գիտական նորմերի ոտնահարման և գրագողության պատասխանատվությունը։
Ի դեպ, Հ. Դեմոյանի՝ գրագողությանը դիմելու վաղեմի սովորության վերաբերյալ առաջին բացահայտումներն արվեցին դեռևս մեկ տարի առաջ՝ պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանի՝ «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» հոդվածում («Ազգ, 2011, ապրիլի 9»)։ Սակայն, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան, ու հատկապես, նրա պատմագիտական կառույցները, ջայլամի պես գլուխներն ավազի մեջ մտցնելով՝ չտեսնելու տվին գիտական բարոյականության կոպտագույն խախտումներն ու գրագողության փաստերը։ Ավելին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող 004 մասնագիտական խորհուրդը ս. թ. փետրվարի 28-ին, նույն Բաբկեն Հարությունյանի նախագահությամբ, Հ. Դեմոյանին շնորհեց… պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ ՀՀ Սահմանադրության ու «Լեզվի մասին» օրենքի խախտմամբ ռուսերենով (!) գրված խղճուկ մի ատենախոսություն պաշտպանելու համար ։
Ինչ վերաբերում է Ա. Այվազյանի «Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը» հոդվածի մուտքին, ապա թերթային տարբերակով ներկայացնելով իր գիտական հետազոտության մի հատվածը՝ նա հատուկ նշել է, որ հրապարակումը կատարված է, «բնականաբար՝ առանց համապատասխան գիտական ապարատի (սկզբնաղբյուրների վրա հղումների, ծանոթագրությունների և այլն)»։ Ի տարբերություն գրքի կամ ալբոմի՝ թերթային հոդվածներում սա ընդունված սկզբունք է՝ հանրամատչելիությունն ապահովելու և ծավալային սահմանափակ շրջանակներում տեղավորվելու նախապայմաններից ելնելով։ Մեր հարցումին, թե նա տեղեկատվական գրականության հատկապես ո՞ր աղբյուրի վրա է հենվել՝ մարտական դրոշների մասին իր խնդրո առարկա մուտքը շարադրելիս, Ա. Այվազյանը մեր տրամադրության տակ դրեց նույն հոդվածի դեռևս անտիպ շատ ավելի ընդարձակ գիտական տարբերակը («1722-1730 թթ. հայոց ազատագրական պատերազմի քննական պատմություն» ծավալուն մենագրության առանձին գլուխը), որտեղ համապատասխան հղումը կատարված է հետևյալ գրքին՝ Потрашков Сергей, Потрашков Андрей, Иллюстрированный военно-исторический словарь (Москва, ЭКСМО, 2007), с. 323-325.
Այսպիսով, Դեմոյանի նշած «գրագողության» երրորդ օրինակը ևս փուչ ու սնանկ է։
Ուրեմն՝ ինչպե՞ս կարելի է բացեիբաց սուտ պնդումներով զրպարտել վաստակ ունեցող որևէ գիտնականի։ (Չմոռանանք, որ այս դեպքում պատասխանատու և զրպարտիչ հայտարարություններով հանդես է եկել ոչ թե շարքային մի քաղաքացի, այլ հայագիտական կարևորագույն ինստիտուտներից մեկի տնօրենը)։ Հայության մարդկային ու մասնագիտական ռեսուրսներն առանց այն էլ չափազանց սուղ են։ Ինչու՞ է ցեխ շպրտվում գիշերուզօր աշխատող մասնագետների վրա։ Ո՞րն է դրա նպատակը։ Ու՞ր է ՀՀ ԳԱԱ-ի ղեկավարությունը, ինչու՞ է լռում։ Մի՞թե համաձայն է, որ Հայաստանում գիտության դաշտում էլ սկսեն իշխել վայրենի բարոյականության կանոնները՝ սպանելով հայրենի գիտությունը։
Հարո Մհերյան Մաթեմատիկական գիտությունների դոկտոր,
բնագետ, համակարգչային Ճարտարագետ
Ստեփան Սարգսյան Կառավարման մագիստրոս (2012թ.)
Հ. Գ.
(1) Պետք է խոստովանենք՝ սկզբում մեր ստուգման մեթոդների շարքում ներառել էինք նաև համակարգչային ծրագրավորման հատուկ բառահամեմատական և վիճակագրական ծրագրեր, նպատակ դնելով մեքենայաբար հեղինակների բառապաշարի օգտագործման հաջորդականության և վիճակագրական հաշվարկներ արտադրել, և այնուհետև ավելացնել թվերը մեր փաստարկների կողքին։ Սակայն գրագողության ուղղությունն այնքան ակնհայտ էր՝ որ այս վերջին մեթոդին որոշեցինք չդիմել։ Պարզ է արդեն Հ. Դեմոյանի ցայտուն գրագողությունն Ա. Այվազյանից, Ռ. Մաթևոսյանից և ուրիշներից։
(2) Զարմանում ենք նաև «Ազգ»-ի խմբագրության վրա. Դեմոյանի ներկայացրած հայհոյախառն բառապաշարով այսպիսի մի նյութի կարելի էր հանդիպել թերևս միայն դեղին մամուլում, բայց ոչ հայկական առաջատար թերթերից մեկում։ Մի քանի խմբագրական ծանոթագրություններում բացահայտելով հանդերձ Հ. Դեմոյանի մեղադրանքների անստույգ լինելը (մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի Երևանում գտնվելու ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն իրոք անջատելու և Գ. Յազըճյանի գրքերի ազատ վաճառքի մեջ լինելու փաստերը)՝ ինչու՞ է խմբագրությունն այնուամենայնիվ համաձայնվել հրապարակել դրանց վրա հիմնված վիրավորանքներն ու զրպարտությունները։ Այսպես ու՞ր կհասնենք։