Կստեղծվի՞ «բնապահպանագյուղատնտեսության» նախարարություն
ՀայաստանԱվելի արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու միտումով՝ կառավարությունը սկսել է արմատական փոփոխությունների ենթարկել կառավարության կառուցվածքը:
Օրերս ԱԻՆ-ին միացավ ՏԿ նախարարությունը, կառավարության կազմը համալրվեց նոր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով:
«Հայկական ժամանակ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները ևս մեկ փոփոխության մասին են տեղեկացրել:
Ըստ տեղեկության՝ մինչև գարուն նախատեսվում է միավորել Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունները, իսկ ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը:
Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում Բնապահպանության նախարարության մամուլի պատասխանատու Թեհմինա Արզումանյանն ասաց, որ իրենք բնականոն կերպով շարունակում են աշխատել, և պաշտոնական տեղեկատվություն այդ մասին չկա: «Դա կառավարության որոշելիքն է, մենք խնդիր չունենք»,- ասաց Արզումանյանը:
Գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանն իր «սուրբ պարտքը» համարեց մեզ ուղղություն ցույց տալ: Ասաց, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում և խորհուրդ տվեց դիմել կառավարություն:
Մեզ, սակայն, այսօր չհաջողվեց ինֆորմացիան ճշտել կառավարությունից: