Բարերար Սառա Եսայանը պարգևատրվել է քաղաքապետի ոսկե մեդալով
ԱՐԽԻՎ
Այսօր բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների և ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ոսկե մեդալով է պարգևատրվել բարերար Սառա Եսայանը: Նշենք, որ նա երջանկահիշատակ ՀՀ վաստակավոր բժիշկ, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահ Կառլեն Եսայանի կինն է, ևս վաստակավոր բժիշկ: Վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայան ամուսինները տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ են իրականացրել Արցախում և Հայաստանում: Բարերար ընտանիքի կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը: 2004-2011թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար 1000 դոլար են նվիրաբերել: Նույն գյուղում կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին: Կառուցվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը: Կառուցվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, 1932թ. կառուցված դպրոցը, խաղահրապարակները, լողավազանը և մարզադաշտը: Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները: Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները: 2013թ. Եսայան ամուսինների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին:
