Ախորժալի բիզնեսներից մինչև իշխանությունը հարատևելու փորձեր
ՔաղաքականՎարչապետ Հովիկ Աբրահամյանը, պարզվում է, մեծ ախորժակ ունի: Նրա և իր մերձավորների ընկերությունների թիվը, ըստ տարբեր հաշվարկների, անցնում է հինգ տասնյակից: Վարչապետն իր շրջապատի հետ միասին ամուր մխրճված է երկրի գրեթե բոլոր եկամտաբեր ոլորտների մեջ. անգամ ԱԺ-ն օրենքներ է հարմարեցնում սույն պաշտոնյայի գրպանին:
Բիզնեսը բիզնես, բայց վարչապետը սիրում է լավ պաշտոններ: Իր կյանքում, բացի նախագահի պաշտոնից, բոլոր մյուս բարձր պորտֆելները վայելելուց զատ՝ Աբրահամյանն իր բարեկամներին ևս բարձր պաշտոնների նշանակելու նախասիրություններ ունի:
Մամուլում մեկ անգամ չէ, որ տեղեկություններ են հայտնվել նրա այս կամ այն փեսային կամ ազգականին բարձր պաշտոնների նշանակելու վերաբերյալ:
Իսկ վերջին՝ թարմ տեղեկությունը, ստացվել է վարչապետի որդուն՝ Արգամ Աբրահամյանին Արտաշատի քաղաքապետ կարգելու վերաբերյալ: Մամուլում պնդումներ կան, որ Հովիկ Աբրահամյանը խստագույնս հրահանգել է այդ ընտրություններում իր որդուն թողնել առանց մրցակիցների: Ասել է, թե վարչապետի երիտասարդ որդու առջև կանաչ ճանապարհ է բացվում՝ քայլելու իշխանական սանդուղքով դեպի վեր՝ կրկնելով հոր հաջողությունները:
Հասարակությունը, իհարկե, չպետք է հանդուրժի վարչապետական հերթական օյինբազությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե այսպիսի վատ և փնթի կառավարմամբ աչքի ընկած վարչապետի՝ իշխանությունը իր սերունդներին փոխանցելու մարմաջն ինչի կարող է բերել:
Չնայած, որքան էլ ձեզ ուժեղ զգաք, մի մոռացեք, որ ոչ վաղ անցյալում դեպի վերև էր սլանում ձեր հայտնի խնամին: Գահավիժումը քանի՞ վայրկյան տևեց և որտե՞ղ է հիմա նա՝ բոլորին է հայտնի:
Այնպես որ՝ չափավորեք ձեր ախորժակը:
Արամ Հակոբյան