Աբրահամը նոկաուտի ենթարկեց Շտիգլիցին և պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (լուսանկարներ)
ՍպորտԳերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ մենամարտը:
Բռնցքամարտիկները պայքարեցին Աբրահամին պատկանող սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտու համար:
35-ամյա հայ բռնցքամարտիկը 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Շտիգլիցին և պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Նախորդ երեք մենամարտից երկուսում Աբրահամը հաղթանակ էր տոնել՝ մրցավարների որոշմամբ, իսկ մեկում զիջել էր Շտիգլիցին՝ տեխնիկական նոկաուտով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Աբրահամին աջակցելու էր գնացել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մարտից հետո բարձրացավ ռինգ և շնորհավորեց Աբրահամին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը նշել էր, որ այս մենամարտում ինքն է հաղթելու և որ չորրորդ մենամարտը կլինի Շտիգլիցի հետ վերջինը: