Հովիկ Աբրահամյանը անակնկալ կերպով միացավ «ԱՅՈ եւ ՈՉ» ռեալիթի շոուին. նրա այցը դուր չի եկել «Ոչ»-ի մասնակցին
ՔաղաքականԱյսօր «ԱՅՈ եւ ՈՉ» ռեալիթի շոուի ժամանակ անակնկալ կերպով Ապարան էր ժամանել ՀՀ վարչապետ, «ԱՅՈ»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը̀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի եւ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ:
Վարչապետը տեղում հայտարարել է, որ եկել էր օգնելու այն մարդկանց, որոնք տուժել են երեկ գիշեր տեղի ունեցած քամուց ու անձրեւից:
Կարճատև հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը ասաց նաև, որ ուղիղ եթերով հետևում է քարոզարշավի ընթացքին:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ ̀ քիչ առաջ ռեալիթի շոուի մասնակից, «Ոչ»-ի քարոզն իրականացնող Արմեն Մկրտչյանը̀ դիմելով հեռուստանախագծի հեղինակ Կարեն Քոչարյանին հրապարակային հարց է բարձրացրել. «Հովիկ Աբրահամյանի այցը մտնո՞ւմ էր հաղորդման շրջանակներում, թե̀ ոչ»:
Ակտիվիստը տարօրինակ է համարում «ԱՅՈ»-ի շտաբի պետի անկանկալ հայտնվելը և իրեն եթերաժամ տրամադրելը:
Նա Կարեն Քոչարյանից խնդրում է պարզաբանել, թե ինչպես են այսուհետ կանխելու նման այցերը: Երկրորդ անգամ կրկնվելու դեպքում նա իր մասնակցությունը ավելորդ կհամարի և կհեռանա շոուից: