Ձերբակալվել է ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը
ԻրավունքԵրևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված և դրանից երկու օր անց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի բժշկուհին՝ Շուշանիկ Բախշյանը հուլիսի 22-ին ձերբակալվել է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Միաժամանակ, Շուշանիկ Բախշյանի փաստաբանները բողոքարկել են և դիմել դատարան:
Դեպքի առթիվ 2015 թվականի օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։