Փաստաբանների պալատում կռիվ է ընկել. ՓՊ խորհուրդը ցրելու պահանջ է դրված
ՀայաստանԱյս օրերին որոշ փաստաբաններ ստորագրահավաք են կազմակերպել՝ Փաստաբանների պալատի խորհրդի նոր ընտրությունների պահանջով:
Կազմակերպիչների շրջանում շոշափվում են հատկապես փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի, Ալեքսանդր Սիրունյանի և Ժիրայր Սաֆարյանի անունները:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Պալատի խորհրդի վերաբերյալ իրենց դիրքորոշումը բազմիցս առիթ ունեցել են արտահայտելու. այն անփոփոխ է։
«Փաստում եմ, որ Փաստաբանների պալատում իրոք շատ բան կա փոխելու, և փոփոխությունների անհրաժեշտությունը միայն Պալատի խորհրդով չի սահմանափակվում։
Մեզ ճանաչողները լավ գիտեն, որ նման գործընթաց նախաձեռնելիս դա կանենք բացահայտ՝ հրապարակավ այդ մասին հայտարարելով։
Միաժամանակ փաստում ենք, որ խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելն ինքնանպատակ չէ մեզ համար, ուստի ստորագրահավաքի նախաձեռնողները կարող են ստորագրելու առաջարկով հանգիստ դիմել նաև մեզ»,- ասաց փաստաբանն իր և իր գործընկերոջ Լուսինե Սահակյանի անունից:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նաև փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ, ով թեպետ ասաց, որ կապ չունի կազմակերպված ստորագրահավաքի կազմակերպչական աշխատանքների հետ, բայց արդեն հասցրել է ստորագրել դիմումը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են դիմումը ստորագրած փաստաբանները և կազմակերպիչները, փաստաբանը չցանկացավ պատասխանել.
«Երեկվանից ասում են, թե ցուցակը պետք է տեսնենք, մինչև 500 ստորագրություն չհավաքվեց, ոչ մեկ այս ցուցակը չի տեսնելու, չի լրանա՝ էլի խնդիր չկա, մոռացեք: Կլրանա այդ թիվը՝ դիմումն օրենքով սահմանված կարգով կհանձնեն Պալատ, և կդրվի քննարկման:
Անհանգստացողների անհանգստությունը չեմ կարողանում հասկանալ, ի՞նչ խնդիր կա, ընտրություն է: Փաստաբանները տարիների ընթացքում ցույց են տվել, որ անկաշառ, մաքուր, զուլալ ընտրություններ են ընթանում փաստաբանական համայնքում»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
Թե ինչու է առաջացել խորհուրդը ցրելու անհրաժեշտությունը, փաստաբանը բերեց ամենակարևոր պատճառը. «Երբ ընդունվեց խորհուրդը, փաստաբանական համայնքը շուրջ 1000 անդամից էր բաղկացած, հիմա 2000-ից ավել մարդ է, այս խորհուրդը գոնե քանակային առումով արդեն չի արտացոլում համայնքը»:
Մեր զրուցակիցն ասաց նաև, որ ինքը չի պատրաստվում առաջադրվել, բայց կցանկանա խորհրդում տեսնել Հայկ Ալումյանին, Կոլյա Հակոբյանին, համարեց նաև, որ այսօրվա խորհրդի անդամների մեծ մասն արժանավոր մարդիկ են. «Խորհուրդում աշխատելը ծանր պարտականություն է, ընդ որում՝ անվարձահատույց, նրանք այն 12 տանջվողներն են, ովքեր հանուն համայնքի տարեկան 300 նիստ են անում»:
Ն. Ա.