Կես մարդ դարձանք՝ խփվեցինք, ավիրվեցինք, հետիս 4 տղաները մահացան. Վարդան Ղուկասյանը չի ուզում Գյումրիի քաղաքապետ դառնալ
ՔաղաքականԹեպետ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին դեռևս շատ ժամանակ կա, բայց շահագրգիռ կողմերն արդեն սկսել են ծածուկ պայքարը:
Ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն արդեն հայտարարել է, որ կիսատ մնացած գործեր ունի և կառաջադրվի, փնտրտուքների մեջ է պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, իսկ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն սպասում է կուսակցության «Օքեյ»-ին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց, որ ինքը չի ցանկանում քաղաքականություն վերադառնալ և զարմացավ, թե ինչու են հնարավոր թեկնածուներն այսքան շուտ ի գործ անցել. «էսքան շո՞ւտ, ինչո՞ւ են խառնվել իրար»:
Վարդան Ղուկասյանի խոսքով՝ ժամանակ դեռ կա, ինքն այդ հարցերով հիմա չի զբաղվում, չի ուզում քաղաքականությամբ զբաղվել, քանի որ ինչքան հեռու քաղաքականությունից, այնքան Աստծուն մոտ կլինի:
«Ես իմ բնավորությամբ այլ մարդ եմ՝ պաշտոնն ինձ համար ապրելակերպ չէ. պաշտոնն ինձ համար ծառայելն է, եզան լուծն է: 13 տարի չարչարվեցի, մեծ դժվարություններ ունեցա, մի խոսքով՝ կես մարդ դարձանք՝ խփվեցինք, ավիրվեցինք, հետիս 4 տղաները մահացան: Այդ ամենը նրա համար, որ քաղաքը ոտքի կանգներ, հիմա ես գիտեմ, թե դա ինչ հսկայական լուծ է, ու ոչ թե այդպես վազելով մարդիկ պետք է մտնեն դրա տակ, այլ մեծ դժվարություն է դա, այն եզան լուծն է, միգուցե շատերի համար վայելք է, բայց ինձ համար տանջանք ու տառապանք է»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ այդ է պատճառը, որ չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել: