Համագումարը դեռ չավարտված մարդիկ հեռանում էին (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր` փետրվարի 21-ին, տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարը:
Կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը։
Ցուրտ դահլիճում սառը հայացքներ, սակավաթիվ ծափեր և հալումաշ եղած ելույթներ. ահա սա էր համագումարային մթնոլորտը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տեղեկացնում է, որ մարդիկ մեկ առ մեկ դուրս էին գալիս դահլիճից, նույնիսկ, երբ բոցաշունչ ելույթ էր ունենում Արթուր Բաղդասարյանը, թեպետ կազմակերպիչները պարտաճանաչորեն կանգնել էին դռների մոտ և փորձում էին թույլ չտալ ելումուտը:
Լուրը հասել էր նաև բեմի կենտրոնում նստած Արթուր Բաղդասարյանին, ով պահը փրկելու համար տեղից՝ որպես ներկաներին ժեստ, ասաց, որ դահլիճում ձանձրացողներ չկան, իսկ ելույթները շարունակվում են:
Ետնամուտքով դահլիճ մտած Արթուր Բաղդասարյանն այդպես էլ հեռացավ` չպատասխանելով լրագրողների հարցերին: Նա այնքան կայծակնային «թռավ» բեմից, որ ապշել կարելի էր նրա ճկունության վրա: Այսպես ասած` անթարթ աչքերով նայեցինք, բայց նրա հեռանալը չտեսանք:
Համագումարին չկային այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, իսկ նախագահությունում նստած էին ՕԵԿ պատգամավորներն ու «Հայկական վերածնունդ միավորման» անդամ կուսակցությունների ու կազմակերպությունների անդամները, որոնցից շատերին մենք գոնե չճանաչեցինք:
Այսպիսով, հայակական քաղաքական դաշտ մտավ մի նոր կուսակցություն` ընդդիմադիր հանդերձանքով:
Տեսանյութը` ԼՈւՐԵՐ.com-ի