Գեներալ Սեյրան Սարոյանը կոտրեց ստեղծված կարծրատիպը
ՎերլուծականՄեր հասարակության մեջ ձևավորված կարծրատիպ կա, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու մեծահարուստները ոչ միայն իրենք են ամեն գնով խուսափում զինվորական ծառայությունից, այլ նաև իրենց հարազատներին են ամեն գնով ազատում հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց, կամ էլ նույնիսկ նրանց ծառայելու դեպքում ստեղծում են նրանց համար այնպիսի պայմաններ, որ դա դժվար կլինի ծառայություն համարելը:
Ցավոք, այս կարծրատիպն ունի հիմքեր և բազմաթիվ պաշտոնյաների դեպքում դա դառն իրականությունն է, բայց հուրախություն մեզ՝ կարող եմ ասել, որ ոչ բոլորի դեպքում: Այդուհանդերձ, կան պաշտոնյաներ, ովքեր կոտրում են կարծրատիպը սեփական օրինակով: ԱԺ պատգամավոր և գեներալ Սեյրան Սարոյանը քառօրյա պատերազմն սկսվելուց մինչ օրս առաջնագծում է՝ իր հետ տանելով կամավորների, որոնց մեջ էր նաև Սարոյանի հորաքրոջ որդին՝ 32-ամյա Արթուր Սարոյանը: Վերջինս, ցավոք, Օմարի լեռնանցքը պաշտպանելիս ծանր վիրավորվել է և այսօր գտնվում է «Էրեբունի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Սեյրան Սարոյանին շատերն են քննադատում և կարող են քննադատել օրենսդրական պասիվ գործունեության, օրենսդրի գործին չտիրապետելու համար, բայց Սարոյանը նախևառաջ զիվորական է, և ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ որպես զինվորական՝ գեներալն իր տեղում է: Նա կարող էր շատ այլ պաշտոնակիցների և այլ քաղաքական գործիչների նման «թաքնվել» ու «թաքցնել» իր հարազատներին, բայց ինչպես տեսանք՝ չարեց դա և դրանով իսկ կոտրեց ստեղծված կարծրատիպը: Հույս ունեմ՝ գեներալ Սարոյանի օրինակը մտածելու տեղիք կտա այն պաշտոնյաներին և ինչու ոչ՝ նաև զինվորականներին, ովքեր հաջողությամբ «թաքցրել» ու «թաքցնում» են իրենց հարազատներին ու բարեկամներին, ովքեր մոռացել են, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է:
Կարեն Վարդանյան