Կառավարությունը 797 ծառայողական մեքենա կկրճատի
Հայաստան
Կառավարությունը 797 ծառայողական մեքենա կկրճատի: Այս մասին կառավարության հերթական նիստում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Հարությունյանի խոսքով՝ ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով: Աշխատելու են բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների հետ, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից, փրկարար ծառայությունից և Պաշտպանության նախարարությունից:
Բյուջեից ուղիղ ֆինանսավորվող մեքենաները կրճատվում են 107-ով, իսկ այդ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում և հիմնադրամներում կրճատվում է 690 ավտոմեքենա:
«Առաջարկում ենք ֆինանսների նախարարին հաջորդ կառավարության նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի պետական բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նշածս թվի նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
