Խայտառակություն՝ պատերազմի ժամանակ ուրախ-զվարթ սելֆիներ անող Ալեքսանյանի հիվանդանոցում (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՊաշտպանության նախարարությունը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել էր տեղեկանքներ, ըստ որոնց` զոհված զինծառայողների ծնողները կարող են օգտվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից։ Սակայն, պարզվում է Պաշտպանության նախարարության այս թուղթը ոչ մի ուժ չունի։
Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի մայրը՝ Միլանա Ավանեսյանն ունի երակների վարիկոզ լայնացում, և նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Նրանք դիմել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրանց արհամարհել ու մերժել են՝ հորդորելով հերթագրվել ու սպասել մինչև հոկտեմբեր։ Աշխատակիցներն անգամ չեն ստուգել հիվանդին՝ տեսնելու միգուցե վերջինիս կյանքին վտանգ է սպառնում, և անհապաղ անհրաժեշտ է վիրահատություն։ Բժշկական կենտրոնի աշխատակցուհին զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին միաժամանակ «խորհուրդ» է տվել դիմել այլ բժշկական կենտրոն, քանի որ այս պահին պետպատվերի շրջանակում տեղեր չունեն։ Ոչ մի դեր չի խաղում այն հանգամանքը, որ իրենց դիմողը ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողի մայր է, հայր է կամ քույր է։
Ռոբերտ Աբրահամյանի հոր ահազանգով շտապեցինք «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ռոբերտի հորը հերթագրվելու կամ այլ ԲԿ դիմելու խորհուրդ տված աշխատակիցուհին հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, թե ինչու որևէ դեր չի խաղում ՊՆ-ի տրամադրած տեղեկանքը, ինչու հիվանդին չեն ստուգել, ինչու են խորհուրդ տվել այլ կենտրոն դիմել, այս պահին ինչքան հիվանդ ունեն պետպատվերի շրջանակում բուժվող և այլն։
«Վերադասը կգա՝ իրեն կհարցնեք»,- ասաց աշխատակցուհին։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ խոսելիս «վերադասը» նախ փորձեց «ատամ ցույց տալ» և բողոքել, որ տեսանկարահանում ենք։ Բայց չէ որ մենք իրենից պաշտոնական բացատրություն էինք խնդրում, և նկարելը կամ ձայնագրելը պարտադիր էր։ Ինչևէ, «վերադասը» փոքր-ինչ հանգստացավ և մեր մի քանի հարցին պատասխանեց։
Նա հստակ ասաց, որ Պաշտպանության նախարարության այս տեղեկանքը որևէ ուժ չունի։ «Նրանք պետք է Մուրացան հոսպիտալից պետպատվերի շրջանակում բուժվելու տեղեկանք բերեն, որպեսզի մենք կարողանանք հերթագրել»,- ասաց նա։ Մեր հարցին՝ եթե Մուրացանի հոսպիտալից տեղեկանք բերեն, որպես զոհված զինծառայողի ծնող, որևէ արտոնություն կստանա՞ն, իրեն արտահերթ կվիրահատեն, թե ոչ։ ԲԿ-ի աշխատակիցները անընդհատ կրկնում էին, որ թուղթ բերելուց հետո կհերթագրեն։ Այսինքն՝ միևնույն է, ինչ էլ լինի, իրենք որևէ արտոնություն չեն տրամադրելու, կապ չունի, որ կինը զոհված զինծառայողի մայր է։
Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի հանրապետությունում առանց փողի ոչ մի հարց չի լուծվում։ Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ բժշկական կենտրոններում պետպատվերի շրջանակում բուժում ստանալ ցանկացողները երկրորդ «սորտի» են, նրանք եթե անգամ կյանքի ու մահվան շեմին են, լավ վերաբերմունքի չեն արժանանա։ Սակայն, ամենացավալին այն է, որ արհամարհական են վարվում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ։ Այն զինծառայողների, ովքեր իրենց կյանքը տվեցին, որպեսզի այդ նույն բուժաշխատողները հանգիստ նստեն «կաբինետներում» և սուրճ խմեն։
Քառօրյա պատերազմի ժամանակ դիրքերում ուրախ-զվարթ սելֆի անող Սամվել Ալեքսանյանի բժշկական կենտրոնի աշխատակիցներն ունեն նույն հիվանդ հոգեբանությունը, ինչ Ալեքսանյանը։ Միգուցե նրանց հրահանգված է պետպատվերի շրջանակում ոչ մի հիվանդ չընդունել, դա այլ հարց է։ Բայց նման կերպ վարվել զինվորի ծնողների հետ՝ անբարոյականություն է, անընդունելի է, անթույլատրելի է։
Բ26-ի դիմաց, երբ Ոստիկանության ծառայողները քաշքշում էին սևազգեստ մայրերին, բոլորը միահամուռ կերպով և արդարացիորեն ցեխը մտցրին այդ ոստիկաններին, նրանց ազգի դավաճան որակեցին։ Այս դեպքում հետաքրքիր է՝ ի՞նչ որակում կարելի է տալ մարդկանց կյանքերը փրկելու սուրբ գործը իրենց ձեռքը վերցրած ու Հիպոկրատի երդում տված բժիշկներին կամ բուժաշխատողներին։
Պաշտպանության նախարարությունն էլ, Առողջապահության նախարարությունն էլ իրենց անկարող և անբան նախարարներով, անփույթ աշխատանքով նման իրավիճակ են ստեղծել, և իրենք էլ պարտավոր են հարթել ստեղծված իրավիճակը։ Այլապես, նրանք ոչ այլ ինչ են, քան դավաճաններ, զոհված զինվորների արյունը ուրացողներ։
Քրիստինա Աղալարյան
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։