Նա միջազգային մեծ հեղինակություն, ճանաչում ունեցող մարդ է. Լևոն Մկրտչյանը՝ Ռադիկ Մարտիրոսյանի վերընտրման մասին
Գիտություն և ՄշակույթՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում Ռադիկ Մարտիրոսյանի վերընտրությանը, նշեց, որ ԳԱԱ-ն ինքնուրույն գործող կառույց է, և Մարտիրոսյանն ունի հսկայական փորձ:
«Պետք է ինստիտուցիոնալ կառույցների նկատմամբ հարգանք ունենանք, ի վերջո ԳԱԱ-ն մեր երկրի գիտական միտքը ներկայացնող հաստատություն է, և դրա նախագահն ընտրվում է ԳԱԱ գիտաշխատողների կողմից: Ռադիկ Մարտիրոսյանը հսկայական փորձ ունի, ռազմարդյունաբերական համալիրների ձևավորման գործընթացի մասնակից է, բազմավաստակ գիտնական է, կոչ եմ անում դիտարկել նաև մարդու անցած ճանապարհը»,- ասաց Մկրտչյանը:
Միաժամանակ, նախարարը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ հայկական գիտությունը արդյունք ցույց չի տալիս՝ նշելով, որ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ Հայաստանը գտնվում է այն երկրների շարքում, որոնք իրենց գիտությամբ մրցակցում են գերտերությունների հետ: «Տարածաշրջանում առաջ ենք նաև Թուրքիայից, Իրանից, հարևան երկրներից»,- նկատեց ԿԳ նախարարը:
Նրա խոսքով՝ ԳԱԱ-ն մեր երկրի ինքնուրույն գործող հաստատություններից է և գործում է համապատասխան օրենքով, իսկ ԳԱԱ-ի ղեկավարի պաշտոնում հավակնողը պետք է ունենա բացարձակ գիտական ակադեմիական հեղինակություն: «Ռադիկ Մարտիրոսյանը միջազգային մեծ հեղինակություն, ճանաչում ունեցող մարդ է: Այսօր մեր երկրում կարող ենք մատների վրա հաշվել նման մարդկանց»,- ասաց նախարարը: