Արծվիկ Մինասյանը դատապարտում է ՀՅԴ անվան շահարկումը
ՀասարակությունԱյսօր' մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանում DIY ակումբի ղեկավար Արմինե Օգանեզովան (Ծոմակ) հայտարարել է, որ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Ծոմակը հայտարարել է, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:
Այս կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Հաշվի առնելով DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը' հարկ եմ համարում հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ:
Դատապարտում եմ ակումբի սեփականատերերի եւ նրանց աջակիցների կողմից երեւույթի անհարկի քաղաքականացումը եւ հատկապես' ՀՅԴ անվան շահարկումը: Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում ձեռք բերել եւ իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը, ապա խորհուրդ կտամ զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից, առավել եւս, երբ իրենց արդեն հաջողվել է ճանաչում ձեռք բերել իրենց ավելի «հարազատ միջավայրում»:
Իբրեւ Ազգային ժողովի պատգամավոր' բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը' որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա: Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ անձնական երաշխավորությունը կամ գրավը' որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ, հանդես գամ թե' օրենսդրական առաջարկների ձեւով եւ թե' մասնավոր դեպքերում:
Դրական համարելով դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց կիրառելու որոշումը' հույս ունեմ, որ Հայաստանի իրավական համակարգը, ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում ի զորու կլինի երեւույթին տալ իրավական ճշմարիտ գնահատական:
Ուստի առաջարկում եմ չփորձել ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ»:
P.S. Ի դեպ, այս հայտարարությանը միանում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանը: