Կեղտոտ խաղերի կիզակետում…
ՎերլուծականՄինչ Հայաստանում օրեցօր ավելանում ու մեծանում է մեր հյուսիսային դաշնակցի ադեցությունը՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ ու թափանցելով պետական կառավարման ամենախորքերը, Արևմուտքը ևս ձեռքերը ծալած չի նստում, ու դատելով օրերս մեդիա դաշտում իսկական շոկի վերածված իրադարձությունից՝ պատրաստվում է շատ կոնկրետ հակաքայլերի. 1in.am-ում լրջագույն վերադասավորումներ են տեղի ունենում, ու այսուհետ գլխավոր խմբագրի պարտականությունները դրվելու են Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ուսերին, իսկ Արման Բաբաջանյանն այսուհետ պատասխանատու է լինելու կայքի տեխնիկական վերազինման և արդի միջոցների ներգրավման համար։
Որ կայքի խմբագրությունում տեղի ունեցող վերադասավորումներն ամենևին էլ պատահական չեն, առանձնակի ապացույցների կարիք, կարծում ենք, չի զգում. նմանատիպ իրադարձություններն ինչ-որ մեկի անձնական նախաձեռնության արդյունք չեն կարող լինել: Իսկ այն, որ տեղի ունեցողը պայմանավորված չէ միայն Հայաստանում աշխարհաքաղաքական հիմնական վեկտորների միջև օրըստօրե սրվող մրցակցությամբ, երևում է հատկապես «Առաջին լրատվական» լրատվական-վերլուծական կայքի տարածած հաղորդագրության բովանդակությունից, որում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, ինչպես նաև նկատի ունենալով 2017թ. խորհրդարանական ընտրություններում անկախ լրատվամիջոցների դերն ու կարևոր նշանակությունը... լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները: Ստեղծված արդի ժամանակաշրջանում, կայքն իր կարևոր ու նոր խնդիրներից է հռչակել Եվրասիական տնտեսական միության կազմում մեր երկրի քաղաքական և տնտեսական գահավիժումի, և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի և Արցախի առջև կանգնած օրախնդիր մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների մասին բազմակողմանի բարձրաձայնումը։ Լրատվամիջոցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության առաջընթացի միակ և հնարավոր երաշխիք տեսնում է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի խորացված և բազմակողմ հարաբերությունների հաստատման և ամրապնդման օգտին քարոզչությունը»։ Համաձայնե՛ք՝ սրանից ավելի բաց տեքստ հնարավոր չէր հրապարակել:
Իսկ հիմա գանք կարևորագույն հարցին՝ ի՞նչ է այս ամենը նշանակում: Իսկ նշանակել կարող է նախ՝ այն, որ առաջիկայում Հայաստանի ներքաղաքական դաշտում սպասվող վերադասավորումները կարող են այնքան էլ հանգիստ չընթանալ (առնվազը տեղեկատվական հարթակում իրար «միս ուտոցին» երաշխավորված է), քանի որ հանրահայտ է՝ լրատվամիջոցն իր գոյության ընթացքում բազմիցս է ներգրավված եղել ներքաղաքական կեղտոտ խաղերում՝ մերթընդմերթ պաշտպանելով մե՛կ այս, մե՛կ այն քաղաքական ուժի, գործչի շահերը: Հենց այս ԶԼՄ-ն է, որ հաճախ օգտագործվել է մարդկանց վրա ցեխ շպրտելու, անհիմն ու կեղծ լուրեր դաշտ նետելու, մարդկանց ոտքի տակը փորելու համար: Ուստի՝ հաշվի առնելով ինչ-ինչ իրողություններ, արդեն կարող ենք ասել, որ լրատվամիջոցը ոչ միայն չի պատրաստվում անաչառ լրագրության օրենքներին հավատարիմ՝ հանդես գալ միայն համապատասխան իրադարձությունների լուսաբանմամբ՝ պահպանելով դասական լրագրության կանոններն, այլև դառնալու է քարոզչագործիք՝ ներազդելու ներհայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների վրա: Ասել կուզի՝ խմբագրությունը մտնելու է պատերազմի մեջ՝ իհարկե, նախևառաջ, սեփական ֆինանսական շահերից դրդված:
Թե ինչ ազդեցություն կունենա «Առաջին լրատվական» լրատվական-վերլուծականը Հայաստանում տեղի ունենալիք կամ ունեցող գործընթացների վրա, իհարկե ցույց կտա ժամանակը, բայց որ առաջիկան կայքի համար ֆինանսական տեսանկյունից բավական ձեռնտու է լինելու, կասկածից վեր է. ուր-ուր, բայց այստեղ լավ են սերտել ինֆորմացիայի վրա փող աշխատելու գաղտնիքները...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ