Գրիշա Սարգսյան. ՀՀԿ-ն Հայաստանը հասցրեց կործանման եզրին
ԱՐԽԻՎ«Ես կուսակցական չեմ, սակայն տարիներ շարունակ իմ թիմով աջակցել եմ ՀՀԿ-ին՝ հույս ունենալով, որ եթե ոչ այսօր, ապա վաղը լավ կլինի և՛ հայ ժողովրդի, և՛ Հայաստանի հանրապետության համար: Իրո՛ք սխալվել եմ և հայցում եմ հայ ժողովրդի ներողամտությունը, որովհետև ճիշտ ճանապարհ չենք ընտրել»: Այս մասին այսօր, ասուլիսի ձևաչափով լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանների միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանապետի նախկին օգնական Գրիշա Սարգսյանը:
Վերջինս ասաց, որ ինքը հարգում է նորանշանակ վարչապետին, գնահատում նրա համարձակ քայլերը, բայց սա խաբկանք է և տանում է 2017 թվականի ընտրություններ.
«Այս ամբողջ գործողությունները կարճ են տևելու, եթե վարչապետն այսօր կարողանար պատասխանատվության ենթարկել պաշտոնյաների և թալանված միլիոնավոր գումարները վերադարձներ Հայաստանի գանձարան, կողջունեինք, սակայն դեմքերը փոխվում են, դեպքերը մնում են նույնը, և, եթե մարդիկ մտածում են՝ հրաշքներ կգործի, չարաչար սխալվում են»,- ասաց Գրիշա Սարգսյանը՝ շեշտելով՝ եթե շարունակվեն վարչապետի համարձակ քայլերը, ինքը կաջակցի վարչապետին:
«Տարիներ շարունակ հավատացինք նրանց սին խոստումներին, բայց ոչ մի անգամ այդ խոստումները չհամապատասխանեցին իրականությանը: Որ Հայաստանն այսօր գտնվում է նման սոցիալական ծանր վիճակում, մեղավորը իշխող կուսակցությունն է, որը Հայաստանը հասցրեց կործանման եզրին: Այնքան վատ է, որ երկրում աղքատության շեմը հասել է 40 տոկոսի, իսկ վերջին 5 տարում Հայաստանից դուրս է բերվել 10 մլրդ դոլար»,-ասաց նա:
Գրիշա Սարգսյանն անդրադարձավ նաև դիվանագիտական բլոկին, ըստ նրա, այս ոլորտը ևս բարձիթողի վիճակում է, «Հայկական գաղթօջախներն անտերության են մատնված, իսկ դեսպանները տեղի օլիգարխների հետ բիզնեսով են զբաղված: Հայաստանում գործող հանցավոր գործելակերպը՝ քավոր-սանիկական կապերը, ներթափանցել են դիվանագիտական կորպուսներ,- ասաց Սարգսյանը՝ օրինակ բերելով Չինաստանը, որտեղ հայկական դեսպանատանը ընդամենը երկու աշխատակից է տիրապետում չինարենին:
Գրիշա Սարգսյանն օրինակ բերեց նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս հավուր պատշաճի գործունեություն չի իրականացնում Ցեղասպանության ընդունման համար, այլ զբաղվում է սեփական բիզնեսների բարելավմամբ: