Արմեն Հարությունյանը ԴԱՀԿ-ն դարձրել է իր «դուքանը». ինչո՞ւ են լռում Կարեն Կարապետյանը և Արփինե Հովհաննիսյանը
ԻրավունքԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ աղմկոտ հեռանալուց հետո, Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին հրամանագիր ստորագրեց՝ Արմեն Հարությունյանին նշանակելով դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար: Արմեն Հարությունյանը մի քանի ամիս եղել է նախագահի ռեֆերանտը, այնուհետև ազատվելով այդ աշխատանքից՝ նշանակվել է ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Այստեղ ուշագրավն այն է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի, կամ վերջին երեք տարին՝ գլխավոր խմբի պաշտոն, և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում, իսկ Արմեն Հարությունյանն ունի փոխգնդապետի կոչում, որը համարվում է գլխավոր խմբի կոչում և շնորհվում է արդարադատության նախարարի կողմից:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արմեն Հարությունյանն, ով հովանավորվում էր տխրահռչակ Միհրան Պողոսյանի կողմից և համարվում էր վերջինիս «լյուբիմչիկը», անհասկանալի ձևով, լեյտենանտի կոչումից անմիջապես ստացել է փոխգնդապետի կոչում, որպեսզի կարողանա զբաղեցնել ԴԱՀԿ պետի պաշտոնը, այնինչ՝ օրենքն այլ բան է ասում:
Այս հրապարակումները որևէ կերպ չեն մեկնաբանվել ո՛չ արդարադատության նախարարի, ո՛չ Արմեն Հարությունյանի կողմից: Ի դեպ՝ վերը նշված օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «արտահերթ կոչումի շնորհում» տեսակի խրախուսանքը ամբողջ ծառայության ընթացքում կարող է կիրառվել ընդամենը մեկ անգամ: Իսկ նշված պաշտոնյայի դեպքում՝ այն, ըստ մամուլի հրապարակումների, կիրառվել է արդեն երկու անգամ:
Բացի սա, ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար այս պաշտոնյան արդեն սկսել է իր ծանոթ-բարեկամներին բերել ու նշանակել պաշտոնների: Օրինակ՝ փաստաբաններ Արամ Կարախանյանին և Վահագն Դալլաքյանին նշանակել է իրեն խորհրդական, ովքեր համատեղում են աշխատանքը՝ փաստաբանական պալատում իրենց գործունեության հետ: Դժվար չէ հասկանալ, թե սա ինչ հետևանքներ կունենա: Վարչապետ Կարեն Կարապետյանը պարտավոր է ուշադրություն դարձնել այս հարցին:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մեկնաբանելով այն փաստը, որ իր պալատի փաստաբանները նշանակվել են ԴԱՀԿ Ժ/Պ-ի խորհրդականներ և արդյոք դա իրենց չի՞ կաշկանդում հետագա փաստաբանական գործունեության մեջ, նշեց. «Փաստաբանական գործունեության հետ անհամատեղելի աշխատանք է հանդիսանում հանրային ծառայությունը։ Եթե փաստաբանն անցնում է հանրային ծառայության, ապա պարտավոր է դիմել փաստաբանների պալատի խորհրդին՝ փաստաբանական գործունեության արտոնագիրը կասեցնելու համար։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնակատարի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու հարցին, ապա «Դատական ակտերի հարկատիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի խորհրդականը ներառված չէ խմբերի դասակարգված պաշտոնների ցանկում (առկա է գլխավոր խորհրդատու պաշտոնը)։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն էլ նախատեսում է քաղաքացիական աշխատանքի հնարավորությունը, որն իրականացվում է վարձու աշխատողների միջոցով։ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի խորհրդականի աշխատանքային հարաբերությունների մանրամասների մասին տեղեկություն չունեմ, ուստի չեմ կարող կարծիք հայտնել փաստաբանական գործունեության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում, թե՝ ոչ»:
Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ փաստաբանի արտոնագիրը չի սառեցվել:
Ի դեպ՝ Հարությունյանն իր հարազատ քեռուն նշանակել է ԴԱՀԿ-ի պարետ, ով համատեղության կարգով նաև իր ընտանեկան վարորդն է: Ստացվում է՝ ԴԱՀԿ-ում ծանոթ-բարեկամ հարաբերություններով պայմանավորված պաշտոնների են նշանակվում: Թե ինչու է լռում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, հայտնի չէ. նա պարտավոր է թույլ չտալ այդ կառույցը դարձնել «դուքան»: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարկադիր կատարման ծառայությունը Հարությունյանը վերածել է իսկական «բառդակի»:
Այս առնչությամբ գրավոր հարցում ենք ուղարկել ԴԱՀԿ մամուլի ծառայություն, բայց այդպես էլ ամբողջ կառույցում չգտնվեց մեկն, ով կստանձներ լրատվամիջոցների հետ շփման գործը:
Քրիստինա Աղալարյան