Ապրիլյան պատերազմից հետո դատարկված և ավիրված Թալիշ գյուղը փորձում են վերաբնակեցնել
ՀասարակությունԱպրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն ամբողջովին դատարկվել էր: Գյուղը հակառակորդի հերատկոծության տակ էր հայտնվել, որի հետևանքով բնակիչները տարհանվել էին: Այսօր արդեն՝ Թալիշը կրկին վերաբնակեցնելուն ուղղված քայլեր են կատարվում: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը տեղեկացրեց՝ ինքը և գյուղի տղամարդկանց մեծ մասը, ովքեր ապաստանել էին Ալաշանում, արդեն մի շաբաթ է՝ գտնվում է գյուղում:
«Այն, որ ասում են գյուղը վերաբնակեցվել է, դա մի քիչ խորը իմաստ ունի: Մենք մեր տղաների հետ, 10 հոգանոց խմբով, մոտ մի շաբաթ է՝ գյուղում միասին ենք մնում, շրջում ենք, աշխատանքներ ենք կատարում, ջրամատակարարման համակարգի խնդիրն ենք փորձում լուծել, էլեկտրականության: Այսպես ասած՝ ստրուկտուրաները փորձում ենք կարգավորել, բարելավել իրավիճակը: Գյուղում ենք տղամարդկանցով»,- ասաց Թալիշի գյուղապետը:
Վ. Պետրոսյանը շեշտեց՝ այս պահին պետք է բավարարվել նրանով, ինչ կա և փորձել գյուղում հսկողություն սահմանել. «Մնացածն էլ ցույց կտա ընթացքը, թե ինչ է հաջողվում անել»: Իսկ սահմանային ընդհանուր իրավիճակի մասով գյուղապետն ասաց՝ որևէ արտառոց բան չկա. խաղաղ է: Ալաշանում բնակվող թալիշցիներն էլ շարունակում են ապրել առօրյա կյանքով: «Սպասում ենք, որ մի քանի տնակներ պետք է տեղադրվեն այնտեղ, որպեսզի լրացուցիչ 20 ընտանիք ևս ընդունենք: Դպրոցում էլ կա 23 աշակերտ: Նոր կացարաններով ապահովումից հետո երեխաների թիվը ևս կավելանա»,- հավելեց Վիլեն Պետրոսյանը:
Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում տներն ավերված ու թալանված են, դպրոցը, որի վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտին էին մոտենում, ևս ավիրված է։ Թալիշցիների մեծ մասն այսօր բնակություն է հաստատել Չարենցավան քաղաքում, իսկ մոտ 22 ընտանիք՝ Թալիշից հեռու գտնվող «Ալաշան» կոչվող ճամբարում։ Արցախի իշխանություններն այսօր նպատակ ունեն «Ալաշանը» դարձնել թալիշցիների համար բնակավայր։
1992-ին գրավված Թալիշ գյուղն ազատագրվել է 1994-ի ապրիլի 14-ին։ Ազատագրումից ամիսներ անց արդեն 13 բնակիչ տեղափոխվել է գյուղ, որից հետո գյուղն ամբողջությամբ վերաբնակեցվել է։
Քրիստինա Աղալարյան