Գյումրու մանկավարժական ինստիտուտում խայտառակ իրավիճակ է
ԻրավունքԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմը «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ մշակույթի վարժարան ՊՈԱԿ»-ին դատի են տվել՝ չվճարված աշխատավարձերի և աշխատավարձերի վճարման կետանցի տուգանքների բռնագանձման պահանջով:
Հարցի առնչությամբ կապ հաստատեցինք ինստիտուտի ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի հետ, ով, լսելով հարցը, միանգամից այն հերյուրանք որակեց: «Նման բան չկա: Ոչ դատական գործ կա, ոչ էլ մի լումա չվճարված աշխատավարձ: Դուք սխալ տեղ եք զանգել: Մենք ոչ նախկինում, ոչ հիմա՝ չվճարված աշխատավարձ չենք ունեցել: Չկա այդպիսի բան, ընդհակառակը՝ դեկտեմբերից աշխատավարձերը բարձրացվել են միջինը 20 տոկոսով և վճարվել են բոլորն անխտիր»,- վրդովված տոնով նշեց ռեկտոր Մինասյանը:
Մեր պնդմանը, թե «Դատալեքս» տեղեկատվական համակարգում է ներկայացված գործի վերաբերյալ մանրամասները, ռեկտորը, չգիտես ինչու՝ զարմացավ. «Մեր մասին Դատալեքսում կա՞»: Հակառակ ռեկտորի վրդովված հերքումների, գործով փաստաբան Լևոն Սահակյանը հաստատեց՝ նման հայց ներկայացվել է: Դատալեքսի տեղեկության համաձայն՝ հայցը ներկայացրել են Սոնյա Մարգարյանը, Աղավնի Աբրահամյանը, Անահիտ Կակոսյանը, Տիգրան Պողոսյանը, Շուշանիկ Ունուսյանը, Լուսինե Մովսիսյանը, Ռուզաննա Ներսիսյանը, Ալմարա Հովհաննիսյանը, Կարինե Մկրտչյանը, Թագուշ Հարությունյանը, Աիդա Ֆենդյանը, Նունե Սարգսյանը, Մարիամ Ղոլթուխչյանը և այլք, ում անունները համակարգում ներկայացված է որպես հայցվոր:
Թե ինչ չափի գումարի մասին է խոսքը, քանի ամսվա աշխատավարձ չի վճարվել ինստիտուտի աշխատակիցներին, և այլն՝ կներկայացնենք մեր հետագա հրապարակման մեջ:
Քրիստինա Աղալարյան