Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն գնացել է թոշակի և ասելիք այլևս չունի. քաղաքագետ
ՔաղաքականԼևոն Տեր- Պետրոսյանի ճառաբանությունը ոչ մի աշխարհաքաղաքական, գիտաքաղաքական, պատմագիտական հիմք չունի: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահի հնչեցրած հայտարարություններին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Բացի պերճախոսությունից ու գիտականությունից, ելույթում ոչինչ չկար»,- նկատեց նա՝ շեշտելով, որ ելույթի մեծ մասը հիմնականում «բլեֆ» էր, որով Տեր-Պետրոսյանը փորձեց ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռել արցախյանի խնդրի վրա:
«1996 թվականին, երբ նա ընտրությունները կեղծեց ու նախագահ մնաց ևս 2 տարի, այդ կեղծիքից այն կողմ՝ նա այսօր էլ չի անցել և մնացել է պատմության այդ հետնախորշերում: Նա ղարաբաղյան ալիքի շարժման վրա իբրև թե դարձել է ֆիգուր, ով այս օրերին հետընթաց է ջատագովում՝ այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ տեսավ, թե ինչպես մեծից փոքր կազմակերպվեցին ու մեկնեցին ռազմաճակատ: Իսկ այդպիսի պայմաններում այսօր խոսել ժողովրդի ու խաղաղության տենչի մասին, պարզապես հոգեկան հիվանդության դրսևորում է»,- նկատեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հիմնական շեշտադրումներն արված էին արցախյան հիմնախնդրի վրա, որտեղ նա նաև կոչ էր արել ընտրել զիջման քաղաքականությունը:
«Իր ելույթը նա կառուցել էր այդպես, որպեսզի ժողովրդի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռի Արցախի խնդրի կարգավորման՝ իր ընկալման վրա, որի մասին խոսել է նաև իր նախագահ եղած ժամանակ. այսինքն՝ դա նրա տրամաբանության առաջարկն է, որով փորձել է նաև մարդկանց ուշադրությունը հեռացնել ներքին խնդիրներից, մինչդեռ մեր խնդիրները ոչ թե դրսում են, այլ երկրի ներսում: Երկրի չզարգանալու պատճառը կապված է քաղաքական, տնտեսական ու օլիգարխիկ կառուցվածքի հետ և ամեն ինչ կախված է մեզանից, իսկ նա ուղղակի հարազատ մնաց Իսրայել Օրու թիկնոցին և սկսեց ինչ-որ բաներ առաջարկել՝ մեր ուշադրությունը շեղելով: Տարօրինակն այն է, որ նա ոչ թե խոսում էր Հայաստանից, այլ Իսրայելից: Փաստորեն, նա դարձել է նաև այդ պետության դատախազը, մինչդեռ նրա կողմից մեջբերված փաստերն ու հայտարարությունները բացարձակ կեղծիք են և չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքագետը հորդորում է վերլուծել իր ստեղծած պետության խնդիրներն ու հիանալ ոչ թե Իսրայելի գեներալներով, ովքեր դարձել են վարչապետեր, այլ Հայաստան բերած իր գեներալներով, որոնք պետք է ունենային ճիշտ ղեկավարելու հիմքեր:
Դիտարկմանը՝ դեռ ապրիլյան պատերազմի օրերին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՀՀ և Արցախի նախագահներին, որի ժամանակ նաև ինչ-որ համատեղ քայլեր էին մշակվել, ի՞նչը փոխվեց, որ այսօր նա նման կարգի ելույթով հանդես եկավ, քաղաքագետն ավելացրեց. «Ոչինչ էլ չի փոխվել. նա Արցախ էր գնացել տարածքների հանձնման գործը կազմակերպելու: Նա դեռ 90-ականներից էր ուզում, որ մենք շուտ հանձնվենք, քանի դեռ ուշ չէ, բայց դուք տեսնում եք, որ ոչ միայն մենք չենք հզորանում, այլև Ադրբեջանն է ընկնում: Այնպես չէ, որ Ադրբեջանը դարձել է Շվեյցարիա, իսկ մենք՝ չգիտեմ ինչ: Բայց եթե այս նույն եռանդով դեռ այն ժամանակ կպած լինեին պետության ստեղծմանն, ապա մենք հաստատ կունենայինք այն պետությունը, որի մասին մենք այդքան երազում էինք և Իսրայելին այդքան մոտ կլինեինք, որի մասին նա այդքան շեշտում է իր բաղձալի ելույթում»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է հարցին, թե բանակցային սեղանին և՞ս դրված է զիջումային փաստաթուղթ, քաղաքագետը հավելեց, որ Տեր-Պետրոսյանը միայն 90-ականներին էր նախագահ և այդ ժամանակ էր մասնակցում բանակցություններին, իսկ հիմա նման կարծիք հայտնելու իրավունք՝ նա չունի: «Նա նախագահ էր մինչև 1996 թվականի սեպտեմբերը, որից հետո նրան այլևս ոչ ոք ձայն չտվեց: Նա արդեն գնացել է թոշակի և ասելիք այլևս չունի»,- եզրափակեց նա:
Արմինե Եփրեմյան