Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի փրկենք զինվորի կյանքը. Մուրացանի հոսպիտալի պետ
ՀասարակությունԱրցախի սահմանի Մարտակերտի ուղղությամբ՝ փետրվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կիրակոսյանը շարունակում է մնալ Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց՝ զինծառայողի վիճակում որևէ փոփոխություն չկա: «Կորյուն Կիրակոսյանը ծայրահեղ ծանր վիճակում է, ոչ ստատիկ: Վիրավորումը բավականին ծանր է: Պատկերացնո՞ւմ եք՝ գլխուղեղի հրազենային թափանցող վիրավորում»,- ասաց հոսպիտալի պետը:
Նա նշեց, որ օրեր առաջ կատարված կրկնակի վիրահատությունից բացի՝ ոչ մի վիրահատություն չի կատարվել. «Այլ վիրահատության անհրաժեշտություն չի եղել: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի փրկենք զինվորի կյանքը: Հույս, բնականաբար, կա»:
Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակում ևս որևէ տեղաշարժ չկա:
Ասատուրյանի տեղեկացմամբ՝ Գուրգեն Սարգսյանն այլևս ժամկետային զինծառայող չէ, հրամանի համաձայն՝ նա զինհաշմանդամ է. «Վիճակն անփոփոխ է, ծայրահեղ ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»: