Ու՞մ կաջակցի Ապարանում հեղինակություն համարվող Էդգար Փարվանյանը
ՔաղաքականՆախորդ տարի Ապարանի քաղաքապետի պաշտոնի համար թեժ պայքարի մեջ էին ներկայիս քաղաքապետ Գոռ Աբրահամյանը և «Ապարան Գրուպ»-ի տնօրեն Էդգար Փարվանյանը: Թվում էր՝ քաղաքապետի հավանական թեկնածուն հենց Փարվանյանն էր, սակայն արդյունքում ձայների մեծամասնությունը ստացավ Աբրահամյանը:
Առջևում խորհրդարանական ընտրություններ են: ՀՀԿ անդամ Փարվանյանի հետ փորձեցինք զրուցել նրա հեղինակության և ռեսուրսների մասին, որոնք կկիրառի (կփորձի կիրառել) հօգուտ կուսակցության:
«Միանշանակ հաղթանակ ենք տանելու, բայց քանի դեռ ակտիվ շրջանը չի սկսվել, մենք պետք է փորձենք այս շրջանում պասիվանալ, քանի դեռ հիմնական թեկնածուները ակտիվ գործունեություն չեն սկսել»:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, թե թեկնածուներից կոնկրետ ու՞մ է Փարվանյանը սատարելու և ի՞նչ կերպ, վերջինս պատասխանեց, որ կոնկրետ թեկնածու չկա, որին կաջակցի. «Կուզենայի, որ արժանավորը հաղթեր: Եթե կուսակցությունն այդ թեկնածուներին է առաջադրել, ուրեմն արժանի են: Հիմնվելով միմիայն քաղաքական կողմնորոշումներիս վրա՝ սատարելու եմ կուսակիցներիս»:
Հետաքրքվեցինք, թե արդյո՞ք այս շրջանում, հանուն կուսակցության՝ Փարվանյանը պատրաստվում է համագործակցել իր նախկին հակառակորդ, բայց կուսակից, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի հետ: Հարցին ի պատասխան՝ Փարվանյանն ասաց. «Նա կուսակի՞ց է, նա կուսակից չէ: Մենք գործողությունների հիման վրա ենք դատողություններ անում, չեմ կարծում, որ նա կուսակցության ջատագովներից է»:
Նշենք, որ ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրվել են պատգամավորներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մնացական Մնացականյանը, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: