Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը կկոչվի «Երկիր ծիրանի» (լուսանկարներ)
ՔաղաքականԶարուհի Փոստանջյանի նոր կուսակցությունը կկոչվի «Երկիր ծիրանի»: ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 15-ին հրավիրված համագումարին հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Կարապետ Աղաջանյանը:
Նա նշեց, որ կուսակցությունը կներկայանա նոր գաղափարներով: «Երկիր ծիրանի» կուսակցության կարգախոսն է՝ «Դեպի Արարատ»: Զարուհի Փոստանջյանը բացատրեց՝ ինչու՞ ծիրանի, քանի որ միայն ծիրանի ծառից է պատրաստվում դուդուկ. «Եթե չունենանք վերադարձ դեպի Արարատ երկիր, ապա մենք կկորցնենք մեր ինքնությունը»:
Խոսքով հանդես եկավ նաև Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ այս օրը հատկանշական է. այս օրը Սողոմոն Թեհլերյանը հայտարարեց, որ պետք է պատժել մեղավորին. «Մենք 25 տարի ապրեցինք անպատժելիության մթնոլորտում, որը դրդում է մեզ արտագաղթել: Մեր երկրում արդարություն կլինի, երբ պատժենք մեղավորներին: Այս 25 տարիներին, ճիշտ է ունեցանք հաղթանակ, բայց ունեցանք նաև պարտություն»:
Նա նշեց՝ կուսակցության անվանումը խորհրդանշում է մեզ՝ հայերիս: Նա համեմատական անցկացրեց ծիրանի կորիզի և հայերի միջև, ովքեր կարող են համախմբվել: Հայաստանը այն կորիզն է, որ տալու է ծիլեր և տալու է իր պտուղները:
Զարուհի Փոստանջյանը հավելեց՝ այս մթնոլորտը ստիպում է, որ Հայաստանի Հանրապետության և դրանից դուրս գտնվող մեր հայրենակիցները պետք է զբաղվենք քաղաքական իրավունքների լիարժեք իրացմամբ: Կուսակցությունը պահանջում է ստեղծել Սփյուռքի հանրային պալատ, որը թույլ կտա մեր հայրենակիցներին մասնակցել քաղաքական գործընթացներին ու ընտրություններին:
Սոնա Հարությունյան