Հոկտեմբեր, պիոներ, վզկապներ. վերականգնե՛լ նոր ձևերով
ՔաղաքականՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, ՀԿԿ նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Տաճատ Սարգսյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին՝ շեշտելով, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է, որ 114-ամյա կուսակցության գործունեության մասին նման օպերատիվ տեղեկտվություն է հրամցվում հանրությանը: Բանախոսը հավաքվածների համար նախ պաթոսով պատմական ակնարկ արեց՝ հիշեցնելով այդ կուսակցության երբեմնի ձեռքբերումներն ու հաջողությունները: Գալով ներկա օրերին՝ ՀԿԿ թեկնածուն հայտնեց. եթե Ազգային ժողովում չլինի «Կոմունիստական» կուսակցություն, այդ Ազգային ժողովը կաղալու է հաստատ:
«Անվճար կրթություն ու բժշկություն, արտագաղթի բացառում. սրանք են այն ձեռքբերումները, որոնք ունենալու են ՀՀ քաղաքացիները՝ կոմունիստների շնորհիվ»,-նշեց Տաճատ Սարգսյանը՝ նորից հիշելով սովետական անցյալն ու առանձնացնելով, որ իրենց գաղափարախոսությունը դարի գաղափարախոսություն է և մինչ օրս որևէ կուսակության գաղափարախոսություն չունի այն արժեքը, որ արժանի լինի դրվել ՀԿԿ գաղափարախոսության կողքին:
«Օբյեկտիվ լինելու դեպքում՝ առաջին ընդդիմադիր ուժը հենց մենք ենք, որ պետք է հայտնվենք ԱԺ-ում»,-հայտարարեց ՀԿԿ թեկնածուն:
Հարցին՝ արդյոք խորհրադարան անցնելու դեպքում վերականգնելո՞ւ են ՀԿԿ-ի հետ ասոցացվող տոն օրերը, խորհրդանշական վզկապները, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Հոկտեմբեր, պիոներ, վզկապներ և մյուս ատրիբուտները շատ կարևոր են և վերականգնելու ենք նոր ձևերով»:
Աղավնի Սուքիասյան