Սամվել Բաբայանին ձերբակալել են. մարտի 22-ը պատահական չէր ընտրված
ՀասարակությունԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալել են: Այս լուրը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: «Ես լրատվամիջոցներից տեղեկացա այդ մասին, զանգեցի Բաբայանի մտերիմներին և հաստատեցինք, որ իրոք ձերբակալել են: Բայց թե ինչի համար, դեռ հայտնի չէ»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ օրը պատահական ընտրված չէր: «2000 թվականի մարտի 22-ին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ տեղի ունեցավ, որի գիշերը ձերբակալեցին Սամվել Բաբայանին: Բաբայանին խաղից հանելու գործընթացը հենց 2000թ. մարտի 22-ին էր սկսվել»,- ասաց նա:
Ի դեպ՝ ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։
Նաև նշենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր՝ իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։ Իշխանությանը ամենայն մանրամասնությամբ հայտնի է ամբողջ ծրագիրը, բայց որևէ գործողության չեն դիմում, որևէ մեկին չեն ձերբակալում, որպեսզի ընտրության ընթացքում ՕՐՕ-ի ռեյտինգը չավելացնեն։ Սակայն վիճակը գնալով այնքան է լարվում, որ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:
Քրիստինա Աղալարյան
Տեսանյութը՝ ԱԱԾ-ի