Զինվորական УРАЛ-ի վթարից տուժած զինծառայողներից մեկի վիճակը ծանր է. գլխի շրջանում է վնասվածք ստացել
ՀասարակությունԵրեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին: Ժամը 19:00-ի սահմաններում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի «Հարուրի Ձոր» կոչվող հատվածում բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 AM 335 համարանիշի և УРАЛ մակնիշի ՊՆ 55 37 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Volkswagen-ն էլ՝ մոտ 70 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով, նախնական տեղեկությունների համաձայն, 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել պայմանագրային զինծառայող, ում վիճակը գնահատվում է ծանր: Զինծառայողն այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում: Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ զինծառայողը վնասվածք է ստացել գլխի շրջանում: «Մյուսների վիճակը նորմալ է, Վարդենիսի զինհոսպիտալում են, մինչև օրվա վերջ երևի դուրս կգրվեն»,- ասաց նա:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաև հավելեց, որ ոչ թե 10 հոգի է վիրավորվել, այլ՝ 5: Ինչ վերաբերում է վթարի պատճառներին, Հովհաննիսյանը դժվարացավ որևէ բան ասել. «Քննություն է ընթանում»:
Քրիստինա Աղալարյան