Ոչնչացնելով բնությունը՝ Սամվել Ալեքսանյանը հարստանում է (լուսանկարներ)
Հասարակություն«Հանրապետական» կուսակցության ռեյտինգային թեկնածու Սամվել Ալեքսանյանը «Երեւան Սիթի»-ների կառուցումից հետո զարկ տվեց «Մալաթիա մոլ»-ի կառուցման աշխատանքներին: 2016-ին բացվեց «Մալաթիա մոլ»-ը, որն իրենից ներկայացնում է 5 հարկանի հսկայական մի շինություն, որտեղ արդեն տևական ժամանակ է՝ առևտրական եռուզեռ է:
Պատգամավորի թեկնածուն, սակայն, չի բավարարվել այդ հսկայի շահագործմամբ և որոշել է «Մալաթիա մոլ»-ի ետնամասն առանց կառույցի չթողնել:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այսօր եղավ այդ տարածքում: «Մալաթիա մոլ»-ի ետնամասը, որտեղ եղել է կանաչապատ տարածք, այժմ վերածվել է շինհրապարակի: Ծավալվել է հսկայական շինարարություն:
Հարակից շենքերի բնակիչների փոխանցմամբ՝ ներկայիս շինհրապարակ հիշեցնող տարածքը նախքան պատգամավորի այս նախաձեռնությունը կանաչապատ էր. կային ծառեր և թփեր, ինչն ամռան տոթին պարզապես փրկություն էր հարակից շենքերի բնակիչների համար: «Մի հսկայական սար էր այստեղ, տրակտորներով հողին հավասարեցրին, արմատախիլ արեցին տեղի կանաչն ու բնությունը, որ տեղը սկսվի այս շինարարությունը: Սա, կարծեմ, դառնալու է «Մալաթիա մոլ»-ի շարունակությունը»,-մեզ հետ զրույցում դժգոհություն հայտնեց քաղաքացին:
Տարածքի բնակիչներից մյուսն էլ մեզ հայտնեց, որ շինարարությունն ընթանում է իրենց բակի հարևանությամբ: «Մաքուր օդ շնչելու փոխարեն՝ ստիպված ենք փոշի շնչել, իսկ թե ինչ կլինի մեր վիճակը, երբ եղանակները տաքանան, վախենում եմ անգամ պատկերացնել»: