«Ո՞վ է ասել, որ իշխանության հետ ենք կոալիցիա կազմելու»
ԱՐԽԻՎԱյսօր՝ մարտի 24-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքներում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ բնակիչներն աղ ու հացով, շատ ջերմ ընդունեցին նրան:
Գագիկ Ծառուկյանը հավաքված հոծ բազմությանը ներկայացրեց Դաշինքի առաջնահերթություն համարվող 15 կետերը, խոսեց բնակչությանը հուզող խնդիրների մասին, որոնց լուծման տարբերակը ինքը գիտի. «Ժողովուրդ ջան, պետք է միայն ապրիլի 2-ին գնալ ընտրատեղամաս և ընտրություն կատարել՝ «խաթր չանելով ոչ մի ծանոթ-բարեկամի, քավոր-սանիկի, այլ՝ հոգու ձայնին հետևելով և մարդու արած գործին նայելով»:
Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով փոփոխություններին, կարևորեց հատկապես Արտաշատում խաղողագործությանը զարկ տալը:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարն անդրադարձավ հետընտրական հնարավոր կոալիցիա կազմելուն:
Նա նշեց. «Ո՞վ է ասել, որ իշխանության հետ ենք կոալիցիա կազմելու: Վայքում ինձ նման հարց էին տվել, և ես պատասխանել եմ, որ ինձ համար կարևոր է «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 կետերը կյանքի կոչելը»:
«Ասենք՝ 48 % ենք հավաքել, 50+1 ա պետք, բա ի՞նչ անենք, կոալիցիա չկազմե՞նք, իհա՛րկե կազմելու ենք, որ կարողանանք օրենք փոխենք, որոշում ընդունենք,- ասաց նա' ճշտգրտելով, որ դա չի նշանակում, թե իշխանության հետ է կոալիցիա կազմվելու: