«Սարի թաղի» գործով կալանավորվածների հարազատները նստացույց են հայտարարել (լուսանկարներ)
ՀասարակությունՄարտի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց նստացույց են հայտարարել Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված 10 բանտարկյալների հարազատները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում կալանավորվածների հարազատները նշեցին՝ իրենք պահանջում են կամ հոդված փոխել, կամ ազատ արձակել իրենց հարազատներին:
«Դատարանում ոստիկաններն ասացին, որ տղաների պահանջը եղել է իրենց ճանապարհը բացելը, ջրով, գազով ու լույսով ապահովելը: Նրանք բողոք չունեն, բայց տղաներն արդեն ինը ամիս է՝ անազատության մեջ են»,- ասում են բանտարկյալների հարազատները:
Նրանք նշեցին, որ նստացույցը շարունակական բնույթ է կրելու. «Մենք բողոքում ենք, որպեսզի հստակեցնեն տղաների մեղադրանքները և ազատ արձակեն, քանի որ իրենք ոչնչում մեղավոր չեն: Մարդիկ իրենց սոցիալական խնդիրների հարցն են բարձրացրել»,- ասաց Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Էդուարդ Զեյթունյանը, Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին Մովսես Խորենացի փողոցին հարող փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նույն պահանջով հացադուլ է հայտարարել Էդուարդ Զեյթունցյանը: Հացադուլ էր հայտարարել նաև նույն գործով ձերբակալված Կարեն Վանոյանը, սակայն վերջինս մարտի 17-ին դադարեցրեց այն:
Սոնա Հարությունյան