Դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ. ՀՀ դատախազություն
ԻրավունքՄամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» նյութի հիման վրա (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) ՀՀ գլխավոր դատախազությունը կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ դրանցից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ, իսկ մնացած 113-ը՝ ոչ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարությունից:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Տեղեկացնում ենք, որ մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում:
Նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում»: