Նորընտիր խորհրդարանն աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից, եթե ընտրությունների արդյունքները չբողոքարկեն
ՔաղաքականՀամաձայն Սահմանադրության՝ նոր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հրաժարական կտա, դրանից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, առավելագույնը՝ 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ ըստ օրենքի՝ Կառավարությունը 20-օրյա ժամկետում ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը, որը ԱԺ-ը կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում: Թովմասյանի փոխանցմամբ՝ Ազգային ժողովն աշխատանքները կսկսի 2017 թվականի ապրիլի 27-ից, եթե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում չբողոքարկի. «Եթե բողոքարկեն, ապա կախված կլինի, թե Սահմանադրական դատարանը ինչ ժամկետում կքննի հարցը: Եթե դաշինքը Սահմանադրական դատարանում բողոքարկեց, ապա ապրիլի 27-ին չի կայանա»:
Խոսելով ԱԺ հանձնաժողովների մասին, Թովմասյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, առաջին նիստի ժամանակ կսահմանվի, թե քանի մշտական հանձնաժողով է ունենալու խորհրդարանը: «Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը չի կարող ավել լինել 12-ից: Մենք ունեցել ենք 6-12 հանձնաժողով: Կարծում եմ՝ 8-10 հանձնաժողովը օպտիմալ կլինի: Վստահաբար, կկրճատվի հանձնաժողովների թիվը, սակայն ինչքանով, այս պահին դժվարանում եմ ասել»,- մանրամասնեց Թովմասյանը: Վերլուծելով պրակտիկան, Թովմասյանը նշեց, որ հնարավոր է՝ Եվրաինտեգրման և Մարդու իրավունքների հանձնաժողովները միավորվեն: