Անարդյունավետության սինդրոմը...
ՎերլուծականՎարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն:
Դատելով վարչապետի հռետորաբանությունից՝ նա դժգոհ է արձանագրված ցուցանիշներից: «194 հատ մեռած հիմնարկ ենք պահում ու ուզում եք էս երկրում բան փոխվի»,- դիմելով Արման Սահակյանին՝ ասել է Կարապետյանը:
Վարչապետի նման հայտարարությունը կարծես թե վկայում է՝ թևակոխելու ենք օպտիմալացման երկրորդ փուլ, դեռևս չքաղելով առաջին փուլի արդյունավետության պտուղները: Իսկ առաջին փուլում կառավարության զոհերն էին դարձել մի շարք ՊՈԱԿ-ներ ու ԾԻԳ-եր: Այն, որ մեր պետական ապարատը ուրճացված է, դա փաստ է, սակայն հարց է առաջանում՝ արդյոք այն, ինչ անում է կառավարությունը արդյունավե՞տ է, և բերելո՞ւ է դրական փոփոխությունների:
Վարչապետը կրճատումների գործընթացը պայմանավորում էր գումար խնայելու անհրաժեշտությամբ: Սակայն, երբ կառավարությունում խոսվում էր կրճատումների մասին, պարծենում էին, թե որքան գումար է հաջողվել տնտեսել, դրան զուգահեռ բնականաբար նոր կառույցներ էին ստեղծվում: Դրանք նույնքան մեծ բեռ են բյուջեի վրա, որքան կրճատվող հաստատությունները: Այս պարագայում ողջ գործընթացի արդյունավետությունը դրվում է լուրջ հարցականի տակ:
Հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է կառավարությունը իմաստազուրկ գործունեություն ծավալում՝ ստեղծելով արդյունավետ աշխատանքի իմիտացիա: Փաստացի կառավարությունը փորձում է կարկատել սեփական անարդյունավետության բացերը և քավության նոխազների որս սկսում: Իսկ այդ դերում վերջին շրջանում առավել շատ անգամներ հայտնվել է հենց Արման Սահակյանը, ով կարծես ոչ «ողնաշարները ջարդելու» մեջ է հաջողել, ոչ էլ կառավարման էֆֆեկտիվ մեխանիկայի բացահայտման:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ